ԱՄՆ-ն, Իսրայելը և Կատարը Նյու Յորքում եռակողմ հանդիպում են անցկացրել
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն, Իսրայելը և Կատարը Նյու Յորքում եռակողմ հանդիպում են անցկացրել Դոհայի վրա իսրայելական հարվածից հետո հարաբերությունները վերականգնելու նպատակով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Axios-ին հայտնել են երկու աղբյուրներ, որոնց անունները չեն նշվում։
Սպիտակ տան բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հյուրընկալել է հանդիպումը, որին մասնակցել են Մոսադի ղեկավար Դեյվիդ Բարնեան և Կատարի բարձրաստիճան պաշտոնյան, որի անունը չի նշվում։
Իսրայելի և Կատարի միջև ճգնաժամը լուծելու ջանքերի շրջանակներում ԱՄՆ-ն առաջարկել է եռակողմ մեխանիզմ՝ «համակարգումը բարելավելու, հաղորդակցությունը բարելավելու, փոխադարձ դժգոհությունները լուծելու և սպառնալիքները կանխելու համար»։
Սա երկրների միջև ամենաբարձր մակարդակի հանդիպումն է Գազայում պատերազմը դադարեցնելու համաձայնագրից ի վեր։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախկինում նշել էր, որ այս շրջանակներում մտադիր է բողոքներ բարձրացնել Կատարի կողմից «Մուսուլման եղբայրներին» ցուցաբերվող աջակցության, «Ալ Ջազիրա»-ի հեռարձակումներում և ԱՄՆ համալսարաններում Իսրայելի դեմ տրամադրություններին ենթադրյալ աջակցության վերաբերյալ։
Սեպտեմբերի 9-ին իսրայելական ինքնաթիռները հարվածել էին Դոհայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին: ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան առաջնորդները ողջ էին մնացել, սակայն զոհվել էր Կատարի անվտանգության աշխատակիցը։
Հարձակումից հետո Կատարը, որը մինչ այդ կարևոր դեր էր խաղում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցություններում՝ Գազայի պատերազմի ընթացքում, հրաժարվեց միջնորդի դեր ստանձնել։ Եվ միայն Թրամփի ճնշման տակ Նեթանյահուի կողմից Կատարի վարչապետից ներողություն խնդրելուց հետո Կատարը վերադարձավ իր միջնորդական դերին։ Սակայն Իսրայելի և Կատարի միջև հարաբերությունները մնացին սառը։