Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-38/25. Բորխես, Կալի, Սոմա, Պենակ

3 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-38/25.        Բորխես, Կալի, Սոմա, Պենակ

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2025 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Թարգմանական գրականություն

Խորխե Լուիս Բորխես, «Ներկայի կարոտ»

Բորխեսյան պոեզիայի թեմատիկան տարատեսակ է՝ իմացականից մինչև հուզական, արգենտինյան մոտիվներից մինչև համամարդկային հավերժական խնդիրներ, որոնցից անբաժանելի են հեղինակին բնորոշ գեղագիտության պատկերները՝ գրադարանները, երազները, անտիկ, հյուսիսային, արևելյան մշակույթների և առասպելաբանությունների դրվագները։ Թարգմանիչներ՝ Հասմիկ Ամիրաղյան, Սամվել Թավադյան։ Հրատարակիչ՝ Ակտուալ արվեստ։

Մանկապատանեկան գրականություն 

Դավիդե Կալի, Մարկո Սոմա, «Շատ մեծ խնդիրը»

Այդ օրը երկնքից մի մե՜ծ, վիթխարի՜, հսկայակա՜ն բան ընկավ։

Թիթեռների երկրում գյուղը ժողով հրավիրեց…

Մեծահասակները միաբերան համոզված էին՝ սա հաստատ «մեծ խնդիր» է, որից պետք է արագ ազատվել։ Գիտնականները վստահ չեն, բանակի գլխավոր հրամանատարն ուզում է այն պայթեցնել, իսկ փիլիսոփան հարց է տալիս․ «Իսկ ո՞րն է դրա գոյության իմաստը»։

Եվ ահա մոտենում է մի փոքրիկ աղջիկ։ Նա մատը խրում է այդ կույտի մեջ ու հայտարարում․ «Մմմ… Մեղրի համ ունի»։

Ի՞նչ։ Ինչպե՞ս․․․ Եվ հանկարծ բոլորն ուզում են համտեսել։ Մանգո՞, բանա՞ն, ձմերո՞ւկ… կարծիքները կրկին տարբեր են։ Թարգմանիչ՝ Թագուհի Բլբուլյան։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:

Փաստավավերագրական գրականություն 

Դանիել Պենակ, «Վեպ կարդալու պես» 

«Վեպ կարդալու պես» էսսեն ժամանակակից ֆրանսիացի գրող և մանկավարժ Դանիել Պենակի երկարամյա փորձառության և մտորումների արդյունքն է։

Հեղինակը, հրաժարվելով կարծրատիպային ընկալումներից, առաջարկում է ծնողներին և մանկավարժներին, յուրահատուկ տասը կանոնի հետևելով, նոր և առավել անկաշկանդ մոտեցում ունենալ գրքի նկատմամբ, իսկ կարդալու պարտականությունից զատ՝ գիրքը կոչված է լինել երեխայի կյանքի կենդանի ուղեկիցը, որի հետ կարելի է ընկերանալ, նաև վիճել ու գժտվել, իսկ հետո կրկին հաշտվել ու մտերմանալ անկրկնելի ապրումների ու բացահայտումների ճանապարհին։ Թարգմանությունը ֆրանսերենից՝ Նաիրա Մանուկյանի: Խմբագիր՝ Զավեն Բոյաջյան: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

 

 

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում