Իրավունք

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել դատական ակտը չկատարելու մեղադրանքով

3 րոպեի ընթերցում

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել դատական ակտը չկատարելու մեղադրանքով

Դատախազությունը 2024 թվականի հունիսի 5-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 2025 թվականի հոկտեմբերի 27-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 1-ին մասով (դատական ակտը չկատարելը):

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից: 

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը Գագիկ Ծառուկյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության նախնական արդյունքների ամփոփումից հետո՝ 2023 թվականի օգոստոսի 4-ին, Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի հարուցման կապակցությամբ հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին» դիմում:

Նշված դիմումով Գլխավոր դատախազությունը, ի թիվս այլնի, խնդրել է դատարանին արգելել Գագիկ Ծառուկյանին և նրա կնոջը՝ Բուլղարիայի Հանրապետությունում գրանցված «Գոռնա բանյա շշալցման ընկերություն» ՍՊ ընկերության 98.03 տոկոս բաժնեմասի տնօրինման հետ կապված որևէ գործողության կատարումը: 

Դատարանը բավարարել է Դատախազության դիմումը՝ արգելելով նշված ընկերության 98.03 տոկոս բաժնեմասի տնօրինման հետ կապված որևէ գործողության կատարումը: Ծանուցումը 2023 թվականի օգոստոսի 24-ին առձեռն հանձնվել է Գագիկ Ծառուկյանին:

Իրավասու մարմնի կողմից իրավական օգնություն տրամադրելու մասին հարցում է ուղարկվել Բուլղարիայի Հանրապետություն: Ի պատասխան իրավական օգնություն տրամադրելու մասին հարցման՝ տրամադրվել է Սոֆիայի շրջանային դատարանի դատական ակտը, որով, ի թիվս այլնի, նշվել է, որ «Գոռնա բանյա շշալցման ընկերություն» ՍՊ ընկերության բաժնեմասերը 2024 թվականի մարտի 15-ին (Բուլղարիայի Հանրապետության իրավասու դատախազի կողմից Սոֆիայի շրջանային դատարան դիմելուց 10 օր առաջ) Գագիկ Ծառուկյանը և նրա կինը, իրենց կողմից լիազորված անձի միջոցով, 23 միլիոն 850 հազար եվրոյով վաճառել են: Այսինքն, Գագիկ Ծառուկյանը և նրա կինն օտարել են այնպիսի գույք, որի օտարումն արգելված է եղել Հակակոռուպցիոն դատարանի թիվ ՀԿԴ/0041/03/23 գործով 2023 թվականի օգոստոսի 10-ին կայացված որոշմամբ:

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում