Միացյալ Նահանգներ

Ուկրաինան և ԱՄՆ-ն լրամշակել են խաղաղության համաձայնագրի ժնևյան նախագիծը. Զելենսկի

3 րոպեի ընթերցում

Ուկրաինան և ԱՄՆ-ն լրամշակել են խաղաղության համաձայնագրի ժնևյան նախագիծը. Զելենսկի

Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Ֆլորիդայում կայացած բանակցություններում լրամշակել են ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման ամերիկյան ծրագիրը, որն ավելի վաղ կողմերը համաձայնեցրել էին Ժնևում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին իր Telegram ալիքում գրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:

«Աշխատանքը կատարվել է Ժնևի փաստաթղթի հիման վրա, և այդ փաստաթուղթը լրամշակվել է», - գրել է նա: 

Զելենսկին նաև հայտնել է, որ ուկրաինական պատվիրակության ղեկավար, Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը և ուկրաինական բանակցային խմբի մասնակիցները «զեկուցել են երկխոսությունում ամերիկյան կողմի հիմնական շեշտադրումների մասին»: Թե ինչ շեշտադրումների մասին է խոսքը, նա չի մանրամասնել:

Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ հետախուզության մասնակցությամբ ամերիկյան կողմի հետ քննարկում է տեղի ունեցել ռազմաճակատում որոշ քայլերի իրականացման հեռանկարների, իսկ հրադադարի դեպքում՝ ռուսական հարվածներից և պայմանավորվածությունների խախտումներից անվտանգության ապահովման հարցերի շուրջ։ 

Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Ֆլորիդայում ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների  բանակցությունների արդյունքներով Կիևը դեռ պետք է աշխատի «դժվարին հարցերի» վրա:

Նոյեմբերի 23-ին ԱՄՆ-ն և Ուկրաինան խորհրդակցություններ են անցկացրել Ժնևում: Ըստ ԶԼՄ-ների՝ պատվիրակությունները համաձայնեցրել են Վաշինգտոնի առաջարկած ծրագրի մեծ մասը, բայց ոչ բոլոր առանցքային դրույթները։ Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ 28-կետանոց ծրագրի կետերի թիվը կրճատվել է մինչև 22։

Նոյեմբերի 30-ին ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները բանակցությունները շարունակել են Ֆլորիդայում։ Հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ բանակցությունները կառուցողական էին, սակայն դեռ շատ աշխատանք կա անելու:

Դեկտեմբերի 2-ին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահ Թրամփի խորհրդական և փեսա Ջարեդ Քուշները Մոսկվայում բանակցություններ կվարեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում