Հայաստան

ԵԽ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին մարդու իրավունքների պաշտպանությունն ամրապնդելու ջանքերում. Մաքսիմ Լոնգանգե

5 րոպեի ընթերցում

ԵԽ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին մարդու իրավունքների պաշտպանությունն ամրապնդելու ջանքերում. Մաքսիմ Լոնգանգե

Եվրոպայի խորհուրդը պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի Հանրապետությանը՝ մարդու իրավունքների պաշտպանությունն ամրապնդելու իր ջանքերում՝ փորձագիտության և համագործակցության ծրագրերի միջոցով, որոնք հիմնված են համատեղ գործողությունների ծրագրի հիմքում ընկած երկարատև գործընկերության վրա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային մեխանիզմի թվային գործիքի (AI-NEMRA) մեկնարկին նվիրված միջոցառման ընթացքում հայտարարեց Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն:

Նրա խոսքով՝ այս նախաձեռնությունը կարևոր քայլ է, որն ապահովում է, որ առաջարկությունները համակարգված կերպով կատարվեն: 

«Թվային գործիքի այսօրվա մեկնարկը ցույց է տալիս հայկական հաստատությունների վճռականությունը՝ ամրապնդելու այդ գործընթացը և ավելի ամուր կերպով ամրագրելու մարդու իրավունքների հետ կապված աշխատանքները կառավարության բոլոր մակարդակներում։ Եվրոպայի խորհուրդը շատ ուրախ է տեսնել, որ մեր մի քանի մոնիթորինգային մարմինների առաջարկությունները ևս ներառված են հարթակում՝ մասնավորապես, առաջարկությունները, որոնք բխում են ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայից և մի շարք այլ զեկույցներից»,-ասաց ԵԽ գրասենյակի ղեկավարը։

Նրա բնորոշմամբ՝ բոլոր այդ զեկույցներն ու առաջարկությունները գտնվում են Եվրոպայի խորհրդի հետ Հայաստանի երկխոսության կենտրոնում և նաև նպաստում են ազգային օրենսդրության, ինստիտուտների և պրակտիկայի շարունակական կատարելագործմանը: 

«Միավորելով Հայաստանի մարդու իրավունքների հանձնառությունների տարբեր ուղղությունները՝ այս նախաձեռնությունը կարող է նպաստել ավելի մեծ պարզության, համակարգման և շարունակականության, ինչպես նաև թափանցիկության և հաշվետվողականության, երբ խոսքը վերաբերում է այս առաջարկությունների և պարտավորությունների վերաբերյալ հանրային իրազեկվածությանը: Այն կարող է օգնել ազգային հաստատություններին աշխատել ավելի ուժեղ պատասխանատվությամբ և կարող է նպաստել ավելի տեղեկացված երկխոսությանը միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի մոնիթորինգի մարմինների հետ: Եվրոպայի խորհուրդը պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանին մարդու իրավունքների պաշտպանությունը ամրապնդելու իր շարունակական ջանքերում՝ փորձագիտության և համագործակցության ծրագրերի միջոցով, որոնք հիմնված են մեր համատեղ գործողությունների ծրագրի հիմքում ընկած երկարատև գործընկերության վրա»,-իր ելույթում ընդգծեց Մաքսիմ Լոնգանգեն: 

ԱԻ-ՆԵՄՐԱ մոնիտորինգային ցանցը (Armenia’s Institutional Network for Monitoring and Reporting) Հայաստանի՝ մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման և դրանից բխող հետագա քայլերի ապահովման ազգային մեխանիզմն է, որը ձևավորվել է՝ հաշվի առնելով Միավորված ազգերի կազմակերպության կողմից մշակված առաջարկությունները՝ մարդու իրավունքների ոլորտում ազգային զեկույցներ ներկայացնելու կարողություններն ամրապնդելու նպատակով: 

ՀՀ վարչապետի՝ 2024թ. նոյեմբերի 18-ի 1031-Ա որոշմամբ ստեղծված այս մեխանիզմը համախմբում է պետական կառավարման մարմինների ոլորտային համակարգողների ցանցը՝ թվային միասնական հարթակի համակցությամբ: Վերջինս ապահովում է մարդու իրավունքների ոլորտում Հայաստանին ուղղված հանձնարարականների կենտրոնացված մեկտեղումը՝ հեշտ որոնելի և մատչելի ձևաչափով։ 

ԱԻ-ՆԵՄՐԱ հարթակի գործառույթներն են. դասակարգել և խմբավորել մարդու իրավունքների ոլորտին վերաբերող հանձնարարականները, որոնք Հայաստանին են ուղղվել ՄԱԿ պայմանագրային մարմինների և հատուկ ընթացակարգերի կողմից, ՄԱԿ Համընդհանուր Պարբերական Դիտարկման գործընթացի շրջանակներում և Եվրոպայի Խորհրդի մոնիտորինգային մարմինների կողմից, դյուրացնել միջգերատեսչական համակարգումը՝ թվային միասնական հարթակի միջոցով տեղեկատվության հետ աշխատանքը ավելի արդյունավետ դարձնելու միջոցով, նպաստել թափանցիկությանը՝ տեղեկատվությունը հանրության համար բաց և հասանելի դարձնելով և քաղաքացիական հասարակության մասնակցությունը խրախուսելով, խթանել բաց կառավարումն ու հաշվետվողականությունը՝ նորարարական գործիքներ կիրառելով՝ ի նպաստ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի հանձնառության ամրապնդման:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում