Մարվեց և շրջանառության մեջ դրվեց «Գյումրու դարբնության ավանդույթը» թեմայով նամականիշը
4 րոպեի ընթերցում

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Գյումրու դարբնության ավանդույթը» թեմային:
500 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված են աշխատող դարբիններ, ինչպես նաև մուրճի ու շիկացած մետաղի հպումից առաջացող կայծեր։ Նամականիշի վրա տեղադրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարբերանշանը , քանի որ Գյումրիի դարբնության ավանդույթը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նամականիշի մարման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ նոյեմբերի 28-ին, «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2005 թվականի կոնվենցիայի 20-ամյակին նվիրված «Մշակութային խաչմերուկներ» երևանյան միջազգային համաժողովի շրջանակում:
Նամականիշի մարումն իրականացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Դավիթ Կնյազյանը, «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2005 թվականի կոնվենցիայի քարտուղար Տուսեն Տիենդրեբիոգոն, «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը և ՀՀ ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Նամականիշի մարման արարողությանը հաջորդեց համաժողովի փակումը: Ամփոփելով երկօրյա համաժողովի արդյունքները՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշեց, որ մասնակիցների հետ խոսել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ 2005 թվականի Մշակութային բազմազանության ձևերի ինքնարտահայտման պահպանության և խրախուսման կոնվենցիայի հիմնարար սկզբունքների մասին և կիսվել Հայաստանի փորձով:
«Անդրադարձել ենք նաև այնպիսի կարևոր հարցերի ու խնդիրների, ինչպիսիք են արհեստական բանականությունը, արվեստագետների և ստեղծարար ոլորտի զարգացման համար բարենպաստ միջավայրի ձևավորումը, հեղինակային իրավունքների և արտակարգ իրավիճակների պայմաններում նրանց իրավունքների պաշտպանությունը։ Համոզված եմ՝ այդ հարցերի խելացի լուծումները կնպաստեն կոնվենցիայի առավել արդյունավետ իրագործմանը։
Հավատարիմ մնալով Հայաստանի Հանրապետության որդեգրած «Խաղաղության խաչմերուկ» սկզբունքին՝ մենք փորձեցինք լինել Մշակութային խաչմերուկում՝ ստեղծելով հարթակ նաև ոչ ֆորմալ շփման համար, որի ընթացքում ձեզ հետ միասին քննարկեցինք մշակույթի զարգացման, երկկողմ և բազմակողմ համագործակցության հետագա հնարավորությունները։ Մենք մտադիր ենք այն դարձնել շարունակական և անցկացնել երկու տարին մեկ»,- նշեց փոխնախարարը:
«Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2005 թվականի կոնվենցիայի քարտուղար Տուսեն Տիենդրեբիոգոն շնորհակալություն հայտնեց ջերմ հյուրընկալության և կարևոր միջոցառումը կազմակերպելու համար՝ նշելով, որ այս երկու օրերին ստեղծվել էր հարթակ, որտեղ ձևավորվեց կառուցողական երկխոսություն:
«Այս օրերին նորից ընդգծվեց, որ Հայաստանն ունի անսասան հանձնառություն 2005 թվականի կոնվենցիայի նպատակների իրականացման գործում: Եվ այն, որ բոլոր արվեստագետները, ովքեր առավել շատ են ռիսկի խմբում, պետք է պաշտպանվեն»,- նշեց կոնվենցիայի քարտուղարը:
Միջոցառման ավարտին ընդունվեց նաև «Մշակութային խաչմերուկ» երևանյան միջազգային համաժողովի հռչակագիրը: