Մոսկվան ստացել է Ժնևում ԱՄՆ-ի և Ուկրաինայի քննարկած ծրագրի հիմնական պարամետրերը. Պեսկով
2 րոպեի ընթերցում

Մոսկվան ստացել է Ուկրաինայում խաղաղության ծրագրի հիմնական պարամետրերը Ժնևում Կիևի, ԱՄՆ-ի և Եվրոպայի ներկայացուցիչների կողմից դրա քննարկումից հետո, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
«Հիմնական պարամետրերը փոխանցվել են։ Հաջորդ շաբաթ Մոսկվայում քննարկում տեղի կունենա», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք Մոսկվան ստացել է Ուկրաինայի շուրջ ծրագիրը Ժնևում դրա քննարկումից հետո։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարին հարցրել են, թե ով պետք է ճանաչի ուկրաինական կարգավորման վերաբերյալ որոշումները՝ առանձին երկրները, թե՞ ՄԱԿ-ը։
«Սա կորոշվի բանակցությունների ընթացքում։ Այս բոլոր նրբությունները կորոշվեն բանակցությունների ընթացքում։ Մենք չենք ուզում առաջ անցնել և քննարկումներ անցկացնել նման հրապարակային մեգաֆոնային ձևաչափով. մենք դա ճիշտ չենք համարում», - ասել է Կրեմլի խոսնակը։
Պեսկովին նաև խնդրել են պարզաբանել նոյեմբերի 27-ին Բիշքեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արած այն հայտարարությունը, որ ռազմական գործողությունները կդադարեն, երբ Ուկրաինայի զինված ուժերը դուրս գան իրենց զբաղեցրած տարածքներից։ Պեսկովին հարցրել են՝ արդյոք դա վերաբերում է Դոնբասին, թե՞ նաև Զապորոժիեին և Խերսոնի մարզին։
«Մենք հիմա չենք բացահայտի բոլոր մանրամասները։ Նախագահը երեկ նման կոչ արեց։ Այս ամենը կքննարկվի», - նշել է նա։
ԱՄՆ-ն ավելի վաղ առաջարկել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման՝ 28 կետից բաղկացած ծրագիր։ Նոյեմբերի 23-ին ԱՄՆ-ն և Ուկրաինան, ինչպես նաև եվրոպական երկրների ներկայացուցիչները Ժնևում խորհրդակցություններ են անցկացրել խաղաղության ծրագրի շուրջ։ Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծրագրի կետերի թիվը կրճատվել է մինչև 22։
Ըստ ամերիկյան սկզբնական առաջարկի՝ Ուկրաինան պետք է տարածքային զիջումների գնա, հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումներից և կրճատի իր զորքերի թվաքանակը։