Այս աշխարհում միայն մի մարդու հետ եմ մրցում, և այդ մարդը ես եմ. աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանը Երևանում էր
12 րոպեի ընթերցում

Հայկական և լիտվական արմատներով հանրաճանաչ օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանն իր հզոր ձայնով, արտիստիզմով ու հմայքով նվաճել է աշխարհի լավագույն բեմերը, կատարել երազած դերերգերն ու արժանացել հեղինակավոր մրցանակներին։ Օպերային աստղը, որն օրերս մենահամերգով հանդես եկավ Երևանում՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, խոստովանում է՝ տարիներ շարունակ ներքին կոնֆլիկտ է ունեցել արյամբ փոխանցված տարբեր մտածողությունների հետ, սակայն այժմ հաշտ է ինքն իր հետ և ցանկանում է ավելի մեծ վերելքներ նվաճել։
Գրիգորյանի երևանյան համերգից առաջ, որն անցավ լեփ-լեցուն դահլիճում, հոտնկայս ծափահարություններով ու բազմաթիվ «բրավո»-ներով, «Արմենպրես»-ի թղթակիցը հանդիպել է երգչուհուն՝ փորձելով նրա հետ բացահայտել Գրիգորյանի անցած ճանապարհը, ձեռքբերումներն ու երազանքները։

-Հասմիկ, ուրախ եմ, որ կրկին Հայաստանում եք։ Հետևում էի համերգի փորձին, որը հրաշալի էր. Ձեր ձայնից փշաքաղվեցի։
-Շատ շնորհակալություն։
-Արտերկրում ապրող հայազգի արտիստները հաճախ են խոստովանում, որ Հայաստանում հանդես գալը մեծ պատասխանատվություն է, քանի որ հանդիսատեսը խստապահանջ է...
-Դժվարանում եմ բնութագրել տեղի հանդիսատեսին, քանի որ հազվադեպ եմ ելույթ ունենում այստեղ, սակայն երբեք չեմ զգացել, որ խիստ լինի. շատ ջերմ է։ Հանդիսատեսին պետք է զարգացնել ու հնարավորություն տալ ունկնդրել երաժշտություն, որին ծանոթ չէ, քանի որ երաժշտասերների մեծ մասը սովոր է բեմից ավելի հաճախ վայելել իտալական հանրահայտ արիաներ։ Ցանկանում եմ ցույց տալ, որ գերմանական երաժշտությունը ևս հիասքանչ է։ Այս համերգին շատ չեն նման գործերը, որովհետև հասկանում եմ՝ եթե մի բանն անսովոր է, շուտ է հոգնեցնում, բայց ցանկանում եմ կամաց-կամաց տեղի հանդիսատեսին ծանոթացնել երաժշտական բազմազանությանը։

-Այս համերգը ղեկավարում է Ձեր եղբայրը՝ Վարդան Գրիգորյանը։ Հաճա՞խ եք միասին ելույթ ունենում։
-Վարդանի հետ միայն մեկ անգամ եմ ելույթ ունեցել Լիտվայում, իսկ մյուս եղբորս՝ Տիգրանի հետ դեռ հանդես չենք եկել նույն բեմում։ Կարծում եմ՝ ամեն բան իր ժամանակն ունի։ Կարելի է հաճույքի համար նման բան անել, սակայն դեռ չի ստացվել, իսկ ընտանեկան լուրջ համերգ կազմակերպելու համար կարևոր առիթ է հարկավոր, օրինակ՝ հորս՝ Գեղամ Գրիգորյանի հոբելյանը և այլն։ Վարդանը դիրիժոր է ու աշխատում է, իսկ Տիգրանը դեռ սովորում է։

-Գեղամ Գրիգորյանը մեր օպերային արվեստի մեծություններից է, աշխարհահռչակ տենոր, որը մշտապես բարձր է պահել Հայաստանի անունն հեղինակավոր բեմերում, իսկ այժմ Դուք եք դա անում։ Երբ նորանոր նվաճումներ եք ունենում, մտածո՞ւմ եք, թե ինչ կասեր, ինչպես կարձագանքեր։
-Նա միշտ ինձ հետ է։ Ամեն անգամ, երբ որևէ մրցանակի եմ արժանանում, մտածում եմ այն մարդկանց մասին, որոնք միշտ իմ կողքին են եղել։ Մրցանակներս «կիսում» եմ յուրաքանչյուրի հետ, ով իմ ձեռքը բռնել և ուղղորդել է այն ճանապարհին, որն անցնում եմ, աջակցել է դժվարին ժամանակներում։ Հայրս իմ կյանքի կարևորագույն մասն է և միշտ ինձ հետ է։
-Գեղամ Գրիգորյանն ու Ձեր մայրը՝ օպերային երգչուհի Իռենա Միլկյավիչույտեն Ձեր առաջին ուսուցիչներն են եղել։ Ձեզ կրթելու հարցում նրանց հայացքները համընկնո՞ւմ էին, թե՞ տարաձայնություններ կային։
-Նրանց հայացքները, մոտեցումները կարող էին տարբերվել, բայց պահանջները նույնն էին։

-Ձեր հայրը շատ է ցանկացել, որ երաժիշտ դառնաք, հավանաբար հենց այդ նպատակով եք 5 տարեկանից դաշնամուր նվագել սովորել։ Ինչպե՞ս հասկացաք, որ երգն է Ձերը։
-Դաշնամուր նվագելը մորս որոշումն է եղել։ Սովորում էի գեղարվեստի ուսումնարանում։ Մեզ անընդհատ ասում էին, որ երաժիշտները հիմարներ են, որ մենք լուրջ բանով զբաղվելու հնարավորություններ դժվար ունենանք։ Երբ փոքրուց քեզ այդ ուղղությամբ են տանում, չես էլ մտածում «նորմալ» մասնագիտությունների մասին։ Հստակ գիտեի, որ երաժիշտ չեմ դառնալու. ասես լողացի երգի հոսքով։ Որ լավ տվյալներ ունեի, դա հաստատ էր։ Լողացի, լողացի մինչև երգելը սկսեց ինձ դուր գալ։
-Պահանջված երգչուհի եք, երգում եք աշխարհի հեղինակավոր բեմերում, կատարում լավագույն դերերգերը, բայց Ձեզ ճանաչում է բերել Վերդիի «Տրավիատա» օպերայում Վիոլետայի դերերգը, որը կատարել եք Վիլնյուսի օպերայում։ Ո՞վ է Ձեզ համար Վիոլետան, անգերազա՞նց է, թե՞ արդեն անցյալում է։
-Վիոլետայի կերպարն ու դերերգն ինձ համար շատ հետաքրքիր են, քանի որ երբեք այն չեմ երգել այնպես, ինչպես կցանկանայի։ Շատ ներկայացումներում, բեմադրություններում եմ երգել, բայց Վիոլետան միշտ ինձ խուճապի է մատնել։ Գուցե պատճառն այն է, որ մայրս հղի ժամանակ է կատարել այդ դերերգը, չգիտեմ։ Անընդհատ պայքարում էի այն իմ ուզածով կատարելու համար, սակայն ինչ-որ պահի որոշեցի մի կողմ դնել։ Մինչ օրս Վիոլետայի հետ չպարզված հարաբերությունների մեջ ենք։ Հավանաբար 15 տարի այն չեմ երգել և հաճախ եմ մտածում, որ պետք է գոնե մեկ անգամ կատարել ու վերջակետ դնել։

-Իսկ ո՞ր հերոսուհու հետ են Ձեր հարաբերությունները շատ լավ։
-Բոլորի, որովհետև չեմ դիտարկում իմ դերերգերը որպես տարբեր հերոսուհիների դերեր։ Իմ բոլոր դերերգերի հերոսուհին ես եմ կյանքի տարբեր իրավիճակներում։
-Միշտ զգո՞ւմ եք, ապրո՞ւմ եք այդ հույզերը։ Չի՞ պատահում, որ համամիտ չլինեք նրանց հետ։
-Հաճախ Հասմիկի հետ էլ համաձայն չեմ, սակայն կարծում եմ՝ մեզնից յուրաքանչյուրը փորձում է արդարացնել իրեն. այդպես է նաև դերերի պարագայում։ Արտիստն ասես իր դերի փաստաբանը լինի։ Իհարկե, համաձայն չեմ մարդկանց գլուխները կտրելու հետ, բայց երբ բեմում ես դա անում, արդարացնում ես այդ քայլն ու հասկանում այն։

-Իսկ ինչպե՞ս եք ծանոթացել Պլասիդո Դոմինգոյի հետ, որին Հայաստանում շատ բարձր են գնահատում։ Այդ է փաստում նաև ամիսներ առաջ Երևանում կայացած նրա համերգը, որն անցավ լեփ-լեցուն դահլիճում։
-Նա իմ հոր գործընկերն ու ընկերն էր։ Եթե հանդիպում ենք որևէ երկրում, անպայման ընթրում ենք միասին, բայց ես երբեք նրա հետ չեմ երգել ու չեմ մասնակցել նրա մրցույթին։ Կյանքում որևէ մրցույթի չեմ մասնակցել. նյարդերս չեն հերիքի, մյուս կողմից էլ չեմ հասկանում մրցակցության իմաստը։ Դոմինգոյի մրցույթն ի հայտ է բերել բազմաթիվ լավ երգիչների, բայց ես չեմ կարող ընդունել այն, ինչ կատարվում է մրցույթների ընթացքում, չեմ սիրում մրցակցել այլ մարդկանց հետ։ Այս աշխարհում միայն մի մարդու հետ եմ մրցում, և այդ մարդը ես եմ։ Գուցե խանդոտ եմ կամ շատ մրցակցային եմ, որ կարողանամ ինձ թույլ տալ մրցել։ Եթե չեմ հաղթում, ինձ վատ, չբավարարված եմ զգում, եթե հաղթում եմ, սկսում եմ մտածել, որ ինչ-որ մեկն ավելի լավն էր։
-Կարևորն ինքներդ Ձեզ հաղթելն է։
-Այո։ Ինքս ինձ հետ մրցում եմ ամեն օր։
-Օրերս «Լավագույն երգչուհի» ճանաչվեցիք Միջազգային օպերային մրցանակաբաշխությանը (The International Opera Awards)։ Այս մրցանակը հաճախ են համեմատում «Օսկար»-ի հետ։ Ի՞նչ նշանակություն ունի այն Ձեզ համար։
-2016 թվականին այդ մրցանակին եմ արժանացել որպես «Տարվա լավագույն երիտասարդ երգչուհի», 2019-ին՝ «Լավագույն երգչուհի» և այս տարի՝ կրկին «Լավագույն երգչուհի»։ Ինձ համար դա մեծ նշանակություն ունի, որովհետև, երբ հասնում ես լեռան գագաթին ու թվում է, թե ավելի վեր բարձրանալ հնարավոր չէ, կամ բարդ է, իսկ ես այնպիսի մարդ եմ, որ չեմ կարող ապրել առանց նպատակի և մարտահրավերների, ուստի ամեն օր հաղթահարում եմ իմ սահմանները, նման մրցանակը փաստում է, որ առաջ եմ շարժվում։ Երբեմն չգիտես, թե ինչ անել առաջ գնալու համար։ Զալցբուրգի երաժշտական փառատոնում «Սալոմե»-ից հետո տպավորություն էր, որ այլևս կարևոր չէ, թե կյանքում ինչ կանեմ, այնինչ քիչ բան չէի անում, բայց քանի որ «Սալոմե»-ի հաջողությունը շատ մեծ էր, մարդիկ ի վիճակի չէին տեսնել այն, ինչ ես անում էի հետո։ Այդ շրջանն անցավ, սկսվեց իմ կյանքի մեկ այլ փուլ, և մարդիկ վերջապես տեսան, որ ես շարունակում եմ ամեն օր առաջ գնալ։

-Մի առիթով ասել եք՝ չնայած ծնվել ու մեծացել եք Լիտվայում, ավելի շատ Ձեզ հայ եք համարում։ Ինչո՞ւ։ Կարո՞ղ ենք ասել, որ Գեղամ Գրիգորյանի ազդեցությունը Ձեզ վրա շատ մեծ է եղել։
-Չեմ կարող ասել, որ ինձ ավելի հայ եմ զգում։ Երկու շատ տարբեր մտածողությունների կրողն եմ։ Որոշ հարցերում շատ հայուհի եմ, որոշներում էլ՝ լիտվուհի։ Հիմա հասկանում եմ, որ այդ ամենը մեծ պարգև է իմ կյանքում։ Ամբողջ կյանքում այդ երկու կողմերն ինձ տանջել են, պայքարել են. երկու տարբեր մտածողությունների սարսափելի ներքին կոնֆլիկտ է եղել։ Քառասուն տարեկանից հետո եմ սովորել այնպես անել, որ այդ կողմերը գտնեն իրար ու ընկերանան։ Հասկանում եմ, թե ինչ մեծ ուժ են ինձ համար այդ կողմերը՝ ինչպես արևն ու լուսինը, կրակն ու ջուրը։ Ամբողջ կյանքում սովորել եմ այդ ամենն օգտագործել ի շահ ինձ։
-Թվում է՝ ունեք այն, ինչ հարկավոր է յուրաքանչյուր օպերային երգչուհու։ Ի՞նչի մասին եք երազում այսօր։
-Էությամբ երազող չեմ. չեմ երազում, ծրագրում եմ։ Այնուամենայնիվ, եթե խոսենք երազանքից, պետք է նշեմ, որ երազում եմ ժամանակի և տարածության մասին։ Բոլոր դերերը, որոնց մասին երազել եմ, երգել եմ կամ դեռ կերգեմ։ Ժամանակ եմ երազում իմ, ընտանիքիս, կյանքի համար, իսկ տարածությունը՝ շնչելու համար, քանի որ, երբ վերևում ես, շատ է պատասխանատվությունը, և շատ քիչ է ժամանակն ընտանիքիդ համար։ Եկավ մի պահ, երբ իրադարձություններն արագ հաջորդում էին իրար, զգացի, որ սկսել եմ կորցնել ստեղծարարությունը, ոգևորությունը, կորցել եմ իմ աշխատանքի հետ կապված ուրախությունը։ Մարդիկ ինձ տալիս էին, իսկ ես չէի կարողանում վերցնել, որովհետև արդեն այլ բանի մասին էի մտածում։ Հիմա ինքս ինձ խոստացել եմ, որ հետևելու եմ այդ ամենին։ Հույս ունեմ, որ ավելի կաճեմ ու կզարգանամ, սակայն հիմա իմ կարիերայի ամենագեղեցիկ կետում եմ. այնքան սեր և ուշադրություն եմ ստանում. ինքս ինձ նայելով՝ հասկանում եմ, որ բավարարված եմ այն ամենից, ինչ անում եմ, ինչը շատ մեծ երջանկություն է, որը զգում եմ բեմում և ցանկանում եմ մի քիչ ժամանակ տրամադրել ինքս ինձ այդ պահով ապրելու համար, քանի որ դա էլ կանցնի ու ժամանակ է հարկավոր վայելելու այն ամենը, ինչը կյանքը տալիս է, իսկ կյանքն ինձ շատ բան է տալիս։

-Իսկ Դուք մեզ եք շատ բան տալիս Ձեր գեղեցիկ ձայնով, հուզիչ, տպավորիչ կատարումներով, ինչի համար անսահման շնորհակալ ենք։
-Անչափ շնորհակալ եմ ու զգացված։ Վերադառնալով երևանյան համերգին՝ ցանկանում եմ անպայման ասել, որ համերգի հասույթը տրամադրվելու է բարեգործության։ Ինձ համար դա կարևոր է։ Կարծեցի պետք է խոսել այդ մասին ոչ այն պատճառով, որ պարծենում եմ. ուզում եմ այլ արտիստներին ոգևորել բարեգործություն անել։ Այս համերգի հասույթը կտրամադրվի աուտիզմով երեխաների աջակցությանը։
-Վստահ եմ, որ Ձեր քայլը վարակիչ կլինի շատերի համար։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Նորանոր հաջողություններ եմ մաղթում։
