Մշակույթը և արվեստը ոգեշնչման և ուժի աղբյուր. մեկնարկել է «Մշակութային խաչմերուկ» երևանյան միջազգային երկօրյա համաժողովը
8 րոպեի ընթերցում

Մեկնարկել է «Մշակութային խաչմերուկ» երևանյան միջազգային երկօրյա համաժողովը: Այս տարի այն նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության խրախուսման և պաշտպանության մասին» կոնվենցիայի ընդունման 20-ամյակին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երկօրյա համաժողովը միջազգային հանրության համար եզակի հարթակ է՝ քննարկելու 2005 թվականի Կոնվենցիայի լայնածավալ և արդյունավետ կիրառումը խթանելու ուղիները, ինչպես նաև կնպաստի իրազեկվածության բարձրացմանը մշակութային փորձագետների, քաղաքական գործիչների և առհասարակ հանրության շրջանակում:
Համաժողովին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել ավելի քան մեկ տասնյակ երկրների պատվիրակություններ, ինչպես նաև ներկայացուցիչներ ՅՈւՆԵՍԿՕ-ից և այլ միջազգային կազմակերպություններից:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, ընդգծեց, որ Հայաստանը այս համաժողովը կազմակերպել է՝ կարևորելով կոնվենցիայի նշանակությունը:
«Ուզում եմ նախ և առաջ նշել, որ Հայաստանը կարևորում է ՅՈւՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությունը բոլոր ձևաչափերով՝ ոչ միայն ներառելով հայկական մշակութային ժառանգությունը ՅՈւՆԵՍԿՕ-ի նյութական և ոչ նյութական ցուցակներում, «Աշխարհի հիշողություն» ծրագրում, այլև հոբելյանական տարեթվերի ցանկում: Այս իմաստով կցանկանայի առանձնակի շեշտադրել Փարիզում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում անցկացված հոբելյանական երկու կարևոր միջոցառում. 2024 թվականին՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին և 2025 թվականին՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակին:
Համաժողովի շրջանակում նախատեսվում է «Գյումրիի դարբնության ավանդույթը» նամականիշի մարումը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Հայաստանից ընդգրկված է 7 հայտ, որոնցից 2-ի՝ «Երևանի ուրարտական ժառանգությունը» և «Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիան» հայտերն ընդգրկվել են 2025 թվականին: ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» գրանցամատյանում 2023 թվականին ներառվել է Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունների հավաքածուն և 2025 թվականին՝ Մխիթար Գոշի «Գիրք դատաստանի» աշխատությունը»,-նշեց նախարարը:
Անդրեասյանն ընդգծեց՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունը կոնֆերանսներ կազմակերպելու համատեքստում ևս կրում է շարունակական բնույթ և ունի իր պատմությունը: Նրա խոսքով՝ Հայաստանի համար մեծ պատիվ է կազմակերպել այս կարևոր միջազգային իրադարձությունը Երևանում, որտեղ մշակույթը և արվեստը բոլոր ժամանակներում հանդիսացել են ոգեշնչման և ուժի աղբյուր։
«Մենք համոզված ենք՝ հոբելյանական այս տարեթվի նշումը յուրահատուկ հնարավորություն է ընձեռում՝ բարձրացնելու 2005 թվականի Կոնվենցիայի և դրա կյանքի կոչման շնորհիվ գրանցված առաջընթացի մասին լայն լսարանների իրազեկման մակարդակը:
2005 թվականի ՅՈւՆԵՍԿՕ-ի կոնվենցիան դարձել է միջազգային մշակութային համագործակցության առանցքային փաստաթղթերից: Հայաստանը հպարտությամբ է նշում, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում մեր երկիրն ակտիվորեն մասնակցում է Կոնվենցիայի դրույթների կիրարկման գործին:
Մենք ներդնում ենք ծրագրեր, որոնք ուղղված են ստեղծարար արդյունաբերությունների ու մշակութային ձեռնարկատիրությունների զարգացմանը, ինչպես նաև միջազգային համագործակցությանն ու մշակութային կյանքին ներառականության ընդգրկվածությանը»,- ասաց նա:
Նախարարը հավելեց՝ երբ խոսում են մշակութային բազմազանության ձևերի պահպանման և զարգացման մասին, պետք է հիշել, որ այդ ամենը հնարավոր է կյանքի կոչել այդ ձևերը կրող մարդկանց, ժողովուրդների և համայնքների օգնությամբ. «Մենք պետք է անենք հնարավոր ամենը, նրանց գործունեության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու և մշակութային բազմազանությունը պահպանելու համար:
Այսօր, երբ աշխարհը բախվում է բազմաթիվ մարտահրավերների՝ գլոբալ ճգնաժամերից մինչև մշակութային ժառանգության կորուստ, մենք պետք է գիտակցենք, որ հենց մշակույթն է միավորում մարդկանց և ներշնչում արարման: Ահա սա է 2005 թվականի Կոնվենցիայի իրական էությունն ու ոգին»,-նշեց նախարարը:
Ժաննա Անդրեասյանը հույս հայտնեց, որ այս հոբելյանական տարին կազդարարի համատեղ ճանապարհի նոր փուլի մեկնարկը՝ հանուն մշակույթի, հանուն մարդկության, հանուն ապագայի և հանուն խաղաղության։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Էռնեստո Օտտոնեն տեսաուղերձով ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց այս կարևոր համաժողովը կազմակերպելու համար։ Նա նշեց, որ մշակութային քաղաքականության զարգացման վերաբերյալ համաշխարհային համաժողովը, որը 2025 թվականի սեպտեմբերին անցկացվեց Մարսելում, վերահաստատում է, որ մշակույթը հանդես է գալիս որպես կայուն զարգացման շարժիչ ուժ՝ ընդգծելով իր կենտրոնական դերակատարումը ՄԱԿ-ի 2030 թվականի զարգացման օրակարգում։
«Նշեմ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը հիմնված է անդամ պետությունների հանձնառության վրա, և ես ցանկանում եմ գովաբանել Հայաստանի հանձնառությունը 2005 թվականի Կոնվենցիային։ 2025-2029 թվականների ժամանակահատվածում Հայաստանն ընտրվել է որպես Կոնվենցիայի միջկառավարական հանձնաժողովի անդամ և հանդիսանում է մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի վերջին շահառուներից։ Հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի ցանկում է ընդգրկվել «Տերյան» մշակութային կենտրոնի My Way նախագիծը, որը միտված է խթանելու հատուկ կարիքներ ունեցող մարդկանց արհեստագործական արտադրության հմտությունները»,-նշեց Էռնեստո Օտտոնեն:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալն ընդգծեց՝ վստահ է, որ առաջիկա օրերի քննարկումները կխթանեն ապահովելու, որպեսզի բազմազան մշակութային արտահայտչաձևերը շարունակեն ոգեշնչել, կառուցել և ձևավորել կայուն ստեղծարար ապագա։
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը նշեց, որ 20 տարի առաջ միջազգային հանրության ամուր կամքի շնորհիվ ընդունված այս կարևոր փաստաթուղթը ճանաչում է մշակույթը որպես ինքնության, արժանապատվության և ստեղծարարության անկյունաքար։
«Այսօր ընդունումից երկու տասնամյակ անց կոնվենցիան ավելի քան արդիական է։ Գլոբալացվող, թվայնացվող և մարտահրավերներով լի աշխարհում թվային հեղափոխությունը և արհեստական բանականության արագ զարգացումը վերաձևավորում և վերաիմաստավորում են մշակութային արժեքների ստեղծման, տարածման և սպառման եղանակները, դրական ազդեցության հետ մեկտեղ ասպարեզ բերելով էթիկայի, հեղինակային իրավունքների և հավասար հասանելիության առնչվող նոր մարտահրավերներ։
«Շարունակում են արդիական մնալ նաև տնտեսական անհավասարությունների և կլիմայի փոփոխության հետևանքով առկա սպառնալիքները, որոնք խաթարում են առկա մշակութային էկոհամակարգերը։ Նման պայմաններում կոնվենցիայի 20-ամյակը նախ և առաջ առիթ է վերաիմաստավորելու այս կարևորագույն փաստաթղթի խորհուրդը և վերահաստատելու մեր հանձնառությունը դրա լիարժեք կյանքի կոչման հարցում»,-ասաց նախարարի տեղակալը:
Մնացական Սաֆարյանն ամփոփեց միտքը՝ նշելով, որ այսօր Հայաստանը ևս մեկ անգամ վերահաստատում է իր նվիրվածությունն այս կոնվենցիայի արժեքներին և պատրաստ է աշխատել բոլոր միջազգային գործընկերների հետ՝ երաշխավորելու, որ յուրաքանչյուր անհատ, անկախ ծագումից կամ հանգամանքներից կարողանա լիարժեք իրացնել իր մշակութային իրավունքները։