Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
2 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպան Մարկո Ռոմոլիին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Շնորհավորելով Հայաստանում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ փոխնախարարն իր երախտագիտությունն է հայտնել Մալթայի Ինքնիշխան Ուխտի՝ Հայաստանին երկար տարիների ընթացքում տրամադրված օգնության համար, ինչպես նաև համոզմունք է հայտնել, որ դեսպան Ռոմոլին առավելագույն ջանքեր կգործադրի երկկողմ բարեկամական կապերի ամրապնդման և երկկողմ օրակարգի հարստացման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ներկա օրակարգին, մասնավորապես առողջապահության և կրթության ոլորտներում համագործակցության խորացմանը։ Մտքեր փոխանակվեցին Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի ապագա ծրագրերի, ինչպես նաև մարդասիրական խնդիրների հաղթահարման հնարավորությունների շուրջ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումներին և միջազգային օրակարգին առնչվող հարցեր:
Մալթայի Ինքնիշխան Ուխտը, որի ամբողջական անվանումն է Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Բարեխնամ Ուխտ, գտնվում է Իտալիայի տարածքում և հանդիսանում է միջազգային իրավունքի սուբյեկտ: