ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է ԹՐԻՓՓ նախագծում ՌԴ-ի մասնակցության հավանականության մասին հարցին
3 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն անդրադարձել է ռուսական կողմից հնչող հայտարարություններին, թե ԹՐԻՓՓ նախագիծը միայն կշահի, եթե Ռուսաստանը դրանում մասնակցություն ունենա։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Մնացական Սաֆարյանն ասել է, որ այս պահին ԹՐԻՓՓ-ը իրականացվում է ՀՀ-ԱՄՆ ձևաչափում, կնքվել է համաձայնագիր, և նախագիծը իրականացման փուլում է։
Հարցին, թե հայկական կողմը հավանակա՞ն համարում է ապագայում ԹՐԻՓՓ նախագծում որևէ ձևաչափով Ռուսաստանի ներգրավվածության հարց հարցի քննարկումը, Սաֆարյանը պատասխանել է.
«Չէի ցանկանա այս պահին ապագայի մասին ինչ-որ բաներ ասել»։
Սաֆարյանը նաև նշել է, որ այս պահին ԹՐԻՓՓ-ում ռուսական կողմին ներգրավելու հարց չի քննարկվում, օրակարգում նման հարց չկա։
Հարցին, թե ԹՐԻՓՓ-ում ի՞նչ ձևաչափով են իրականացվելու տարանցումները՝ հաշվի առնելով, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է՝ ՀՀ ԱԳ փոխնախարարը պատասխանել է.
«Այս պահին Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և տարանցման կանոնները ԵԱՏՄ կարգավորումներով են»։
Անդրադառնալով հարցին, թե այդ թվում ԹՐԻՓՓ-ը իրականացվելու է ԵԱՏՄ կանոններո՞վ՝ փոխնախարարը դրական պատասխան տվեց։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն օրերս հայտարարել էր, որ ԹՐԻՓՓ նախագիծը միայն կշահի, եթե Ռուսաստանը դրանում մասնակցություն ունենա։ Նա ենթադրել էր, այդ ԹՐԻՓՓ երթուղին պետք է կառուցվի ռուսական երկաթուղու նույն լայնությամբ՝ Ադրբեջանի հետ անխափան կապ ապահովելու համար։ Գալուզինը հիշեցրել էր, որ հայկական երկաթուղիները կառավարվում են «Հարավկովկասյան երկաթուղիներ» փակ բաժնետիրական ընկերության կողմից, որը «Ռուսական երկաթուղիներ»-ի դուստր ձեռնարկություն է։
«Հայաստանի տարածքով տարանցումը, ի դեպ, Եվրասիական տնտեսական միության մասով, պետք է իրականացվի Եվրասիական տնտեսական միության նորմերին և կանոնակարգերին համապատասխան, որից Հայաստանը, ինչպես հայտարարում է, չի ցանկանում դուրս գալ։ Վերջապես, «Թրամփի ուղի»-ն կանցնի ռուս սահմանապահների կողմից պահպանվող տարածքով, որոնք տասնամյակներ շարունակ իրենց հայ գործընկերների հետ միասին պահպանում են Հայաստանի սահմանները Թուրքիայի և Իրանի հետ։ Այսպիսով, այս կամ այն կերպ, Ռուսաստանի կարծիքը պետք է հաշվի առնվի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության կարծիքը։ Հետևաբար, մենք կարծում ենք, որ նախագիծը միայն կշահի Ռուսաստանի մասնակցությունից»,-նշել էր Միխայիլ Գալուզինը։