Միացյալ Նահանգներ

ԱՄՆ թիմը կբանակցի Մոսկվայի և Կիևի հետ, իսկ Թրամփը Զելենսկու և Պուտինի հետ կհանդիպի համաձայնության վերջնական փուլում

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ թիմը կբանակցի Մոսկվայի և Կիևի հետ, իսկ Թրամփը Զելենսկու և Պուտինի հետ կհանդիպի համաձայնության վերջնական փուլում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական կարգավորման ծրագիրն ավարտին հասցնելու նպատակով իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը կմեկնի Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը հայտնել է Truth Social հարթակում գրառման մեջ։

«Վերջին շաբաթվա ընթացքում իմ թիմը հսկայական առաջընթաց է գրանցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ավարտի հարցում (Պատերազմ, որը երբեք չէր սկսվի, եթե ես նախագահ լինեի)։ Նախորդ ամիս 25 000 զինվոր է զոհվել», - նշել է նա գրառման մեջ: 

Թրամփը հավելել է, որ Միացյալ Նահանգների կողմից առաջարկվող 28 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը լրամշակվել է երկու կողմերից արված լրացումներով, և մնացել է անհամաձայնության միայն մի քանի կետ: 

«Այս խաղաղության ծրագիրն ավարտին հասցնելու հույսով ես հանձնարարել եմ իմ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին Մոսկվայում հանդիպել նախագահ Պուտինի հետ, և միևնույն ժամանակ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Գրանցված ողջ առաջընթացի վերաբերյալ կտեղեկացնեն ինձ, ինչպես նաև փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, պատերազմի նախարար Փիթ Հեգսեթին և Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզի Ուայլսին», - գրել է ԱՄՆ նախագահը:

Թրամփը նշել է, որ Ուկրաինաի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կհանդիպի միայն այն բանից հետո, երբ համաձայնագիրը ավարտուն տեսք ունենա։

«Հուսով եմ՝ շուտով կհանդիպեմ նախագահ Զելենսկու և նախագահ Պուտինի հետ, սակայն միայն այն ժամանակ, երբ այս պատերազմի ավարտի համաձայնագիրը վերջնական լինի կամ գտնվի իր վերջնական փուլում: Շնորհակալություն այս շատ կարևոր հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար, և եկեք բոլորս հուսանք, որ խաղաղությունը կհաստատվի որքան հնարավոր է շուտ», - եզրափակել է Թրամփը։

Իսկ Գոհաբանության տոնի համար Ֆլորիդա մեկնելիս նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում Թրամփը նշել է, որ 28 կետից բաղկացած նախնական առաջարկն այժմ բաղկացած է 22 կետից։ 

«Դա ծրագիր չէր, դա կոնցեպտ էր», - ասել է Թրամփը՝ հավելելով, որ հարցերից շատերը լուծվել են դրականորեն։ 

ԱՄՆ նախագահը նաև հայտնել է, որ Սթիվ Ուիթքոֆը Պուտինի հետ հանդիպման կմեկնի հաջորդ շաբաթ։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում