Քաղաքականություն

Հայաստանի ու Իրանի հարաբերությունները միշտ կայուն վիճակում են եղել, ինչը եզակի երևույթ է․ իրանցի փորձագետ

5 րոպեի ընթերցում

Հայաստանի ու Իրանի հարաբերությունները միշտ կայուն վիճակում են եղել, ինչը եզակի երևույթ է․ իրանցի փորձագետ

Տարածաշրջանային, Կենտրոնական Ասիայի և կովկասյան ուսումնասիրությունների հարցերով իրանցի փորձագետ Վալի Քալեջին Հայաստանի ու Իրանի միջև հարաբերությունների ներկա բարձր մակարդակը եզակի ու կայուն է համարում՝ Թեհրանի ու վերջինիս մյուս հարևանների հարաբերությունների համեմատ։  

Իրանցի փորձագետը նման կարծիք է արտահայտել «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում՝ գնահատելով Հայաստան-Իրան հարաբերությունների ներկա մակարդակն ու հետագա զարգացման հեռանկարները։

Փորձագետն իր խոսքում ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանն Իրանի միակ քրիստոնյա հարևանն է, իսկ մյուս բոլոր հարևանները մուսուլմանական երկրներ են։ 

«Մեր հարևաններից մենք կայուն հարաբերություններ ունենք Հայաստանի հետ, և դա եզակի է այլ երկրների հետ մեր ունեցած հարաբերությունների տեսանկյունից։ Օրինակ՝ մեր հարաբերությունները Թուրքիայի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, արաբական երկրների, Պակիստանի հետ վերջին տասնամյակներում վերելքներ և անկումներ են ապրել, բայց Իրանի և Հայաստանի հարաբերությունները միշտ կայուն վիճակում են գտնվել։ Եվ, քանի որ Իրանի և Հայաստանի հարաբերությունները պատմական արմատներով են կապված, ընդհանուր մշակույթով և այլ կապերով»,-ընդգծել է իրանցի փորձագետը։ 

Նա մատնանշել է, որ Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման ու կայունության տեսանկյունից շատ մեծ դերակատարություն ունի նաև Իրանի հայ համայնքը, որը շատ հարգված է իրանցի ժողովրդի կողմից։

«Այս պատմական և մշակութային հիմքի վրա մենք լավ հարաբերություններ ունենք, բայց դա բավարար չէ, և մենք պետք է բարելավենք և բարձրացնենք մեր հարաբերությունների մակարդակը: Բարեբախտաբար, երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը հասել է մոտ 1 միլիարդ դոլարի: Սա մեծ նվաճում է, քանի որ, օրինակ, հինգ տարի առաջ այն նույնիսկ կես միլիարդ դոլարից պակաս էր։ Իսկ հիմա երկու երկրների կառավարությունները որոշել են առևտրաշրջանառության ծավալը հասցնել 3 միլիարդ դոլարի: Սա շատ դժվար նպատակ է, բայց երկու կողմերն էլ փորձում են հասնել այս երկարաժամկետ և կարևոր հանգրվանին»,-շեշտել է Քալեջին:

Փորձագետը տնտեսական հարաբերությունների տեսանկյունից Իրանի համար կարևորել է նաև Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ լինելու հանգամանքը:

«Միության մյուս անդամները՝ Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը և Ղրղզստանը մեր ցամաքային հարևանները չեն, և Հայաստանն այս տեսանկյունից առավելություն է Իրանի համար։ Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2025 թվականի մայիսին, և հազարավոր ապրանքներ հեշտությամբ, առանց բարդությունների կարող են արտահանվել և ներմուծվել Հայաստանից Իրան։ Եվ դա ևս նպաստել է Իրանի և Հայաստանի միջև առևտրի և բիզնեսի ծավալների ավելացմանը»,-նկատել է իրանցի փորձագետը։ 

Վալի Քալեջիի բնորոշմամբ՝ երկու երկրների միջև հարաբերությունների ու գործընկերության զարգացման հեռանկարներ է ապահովում նաև այն փաստը, որ Հայաստանի ու Իրանի միջև գործում է ազատ վիզայի ռեժիմ։ 

Փորձագետի դիտարկմամբ՝ սա նաև ավելացնում է զբոսաշրջիկների առավել ազատ տեղաշարժմանը՝ ակտիվացնելով նաև տուրիզմի ոլորտը երկու երկրների միջև, ինչը, սակայն, երկու պետությունների սահմաններին հսկայական հերթերի գոյացման պատճառ է դառնում։

«Այս իրավիճակը կարգավորելու համար մենք պետք է արագացնենք Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը՝ երթևեկությունը կրճատելու և մեր երկրների միջև բեռնափոխադրումները և տարանցիկ փոխադրումները հեշտացնելու համար։ Նորդուսի և Մեղրիի սահմանային կետերում մենք պետք է կառուցենք երկրորդ կամուրջը։ Մենք նույն փորձն ունենք Ադրբեջանի հետ Աստարայի սահմանին․ Իրանն Աստարայում կառուցեց երկրորդ կամուրջը, որը նպաստեց Ադրբեջանի հետ առևտրային գործունեության հեշտացմանը»,-նշել է փորձագետը՝ հույս հայտնելով, որ կամրջի կառուցումը հնարավորինս արագ կիրականացվի։

Հիշեցնենք, որ 2025 թվականի օգոստոսի 19-ին Երևանում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանն ու Իրանը սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու համաձայնություն են ձեռք բերել:  

«Հաշվի առնելով մեր պետությունների միջև օրեցօր աճող փոխադրումների ծավալը՝ համաձայնություն ենք ձեռք բերել Հայաստան-Իրան սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու վերաբերյալ»,-ասել էր Փաշինյանը: 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում