Կրթություն

ՀՀ վարչապետն այցելել է «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան» կրթահամալիր. քննարկվել է Վարդենիսում նմանօրինակ նախագիծ իրականացնելու հարցը

3 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետն այցելել է «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան» կրթահամալիր. քննարկվել է Վարդենիսում նմանօրինակ նախագիծ իրականացնելու հարցը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան» դպրոց-կրթահամալիր, որը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Ուսումնական հաստատությունը հիմնադրել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության AMAA բարեգործական հասարակական կազմակերպությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի և AMAA-ի Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց է կատարել դպրոցում, ծանոթացել կրթական գործընթացին և ստեղծված պայմաններին: 

Նշվել է, որ Ավետիսյան մասնավոր կրթահամալիրն իր մեջ ներառում է մանկապարտեզ և դպրոց, որն ապահովում է 12-ամյա համակողմանի և անվճար կրթություն՝ պետական կրթական ծրագրով, ինչպես նաև հավելյալ կրթական դասընթացների հնարավորությամբ, ինչպիսիք են արհեստական բանականության ուսուցումը և այլ արդի ուղղություններով դասընթացներ: Դպրոցում ուսանում է շուրջ 900 աշակերտ։ 

Դպրոցը գործում է 7 մասնաշենքից բաղկացած նորակառույց, էներգախնայող և բնապահպանական համալիրում, որն արժանացել է LEED (Leadership in Energy and Environmental Design) միջազգային հավաստագրի։ Համալիրը հագեցած է արևային վահանակներով, վերամշակվող անձրևաջրերի համակարգով, կանաչ տանիքներով։

Դպրոցում գործում է նաև ժամանակակից ջերմատուն, որտեղ երեխաները հնարավորություն ունեն ուսանելու խելացի գյուղատնտեսություն։

Հաջորդիվ անցկացվել է քննարկում, որի ընթացքում վարչապետին ներկայացվել է կազմակերպության կողմից 2026 թ.-ին Վարդենիսում նախատեսվող նմանօրինակ կրթահամալիրի նախագիծը։ Նշվել է, որ այն նախատեսված է լինելու 300 աշակերտի համար։

Հաշվի առնելով Վարդենիսում Կառավարության կողմից ևս նախատեսվող դպրոցի կառուցման նախագծի առկայությունը՝ վարչապետն առաջարկել է պետական և մասնավոր ծրագրերը համադրել միմյանց՝ կառուցելով 600 աշակերտի համար նախատեսված մեկ ուսումնական հաստատություն, որն իր հզորությամբ կբավարարի առկա պահանջարկը։

Առաջարկն AMAA-ի ներկայացուցիչների կողմից ընդունվել է։

Երկրի ղեկավարը պատասխանատուներին հանձնարարել է առաջիկայում շարունակել քննարկումները և մշակել համագործակցության սխեմա։ 

Միաժամանակ տեղեկացվել է, որ առաջիկա տարիներին AMAA բարեգործական հասարակական կազմակերպությունը նախատեսում է նմանօրինակ կրթահամալիրներ կառուցել նաև Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզերում։  

Կարդացեք հոդվածը` العربيةFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում