Փաշինյանը իր կարծիքն է ներկայացրել Վաղարշապատում ՔՊ-ի հաղթանակի և ընդդիմության պարտության պատճառների մասին
2 րոպեի ընթերցում
Հայաստանի վարչապետ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է քննարկումներին, թե ինչո՞ւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթեց, իսկ ընդդիմությունը պարտվեց Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը թեմային անդրադարձել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակված տեսանյութում։
«Հիմա շատ քննարկվում է, թե ինչու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթեց, իսկ ընդդիմությունը պարտվեց Վաղարշապատի ընտրություններում։
Սրա համար կա մեկ գլոբալ պատճառ. որովհետև ընդդիմությունը խոսում էր ապոկալիպսիսի, իսկ «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ կյանքի մասին, և մարդիկ պարզապես ընտրեցին կյանքը, մարդիկ պարզապես ընտրում են կյանքը։
Իմ համեստ կարծիքով՝ այդպես լինելու է նաև 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում, որովհետև մենք միասին դաժան փորձությունների միջով անցնելով՝ ապոկալիպսիսը թողել ենք անցյալում, և այսօր ու առջևում միայն կյանքն է»,- նշել է ՀՀ վարչապետը։
Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի ունեցած ավագանու ընտրություններում նախնական արդյունքներով վստահ հաղթանակ է տոնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ հավաքելով 15 298 ձայն։ Երկրորդ տեղում «Հաղթանակ» դաշինքն է, որը հավաքել է 10051 ձայն։ Անցողիկ շեմը հաղթահարել է նաև «Մայր Հայաստան» կուսակցությունը, որը ստացել է 1692 ձայն։ Իր հավաքած ձայների շնորհիվ «Քաղաքացիական պայմանագիր»-ը կկարողանա Վաղարշապատ խոշորացված համայնքում միանձնյա իշխանություն ձևավորել։