Երևան

Ստեղծվում է Երևանի երթևեկության կառավարման կենտրոն

2 րոպեի ընթերցում

Ստեղծվում է Երևանի երթևեկության կառավարման կենտրոն

Կստեղծվի  «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշման նախագիծը ավագանուն ներկայացրեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: 

«Առաջարկվում է ստեղծել համապատասխան ստորաբաժանում՝ համայնքային հիմնարկի տեսքով՝ Երևանի երթևեկության կառավարման կենտրոն, որի գործառույթների մեջ պետք է մտնի տարբեր միջոցառումների և պրոյեկտների իրականացումը՝ կապված երթևեկության կազմակերպման և կառավարման հետ»,-ասաց Գրիգորյանը: 

Երևանի քաղաքապետարանը 2026թ. համար նախանշել է երկու խոշոր ծրագիր:  

«Դրանցից առաջինը հանրային դիսպետչերիզացիայի համակարգն է: Ինչպես գիտեք, հանրային տրանսպորտի ոլորտում շարունակում ենք իրականացնել համապարփակ բարեփոխումներ: Դրան պետք է գումարվի նաև պատշաճ հոսքերի ու գրաֆիկների կազմակերպումը: Երկրորդը՝ ընդհանուր երթևեկության կառավարումը: Բազմիցս խոսել ենք խելացի լուսացույցերի, հոսքերի համապարփակ հաշվարկի և այլ միջոցառումների անհրաժեշտության մասին: Այսօրվա փոփոխության հիմքում նույնպես ընկած են այդպիսի հաշվարկներ: Բայց, բնականաբար, տեխնոլոգիական լուծումներին զուգընթաց այդ հաշվարկների ճշգրտությունը բարձրացնելու և այլ միջոցառումների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ նման հիմնարկի անհրաժեշտությունը վաղուց է հասունացել»,-ասաց փոխքաղաքապետը: 

Քանի որ վերը նշված գործառույթների մի մասն իրականացվում է «Երևանտրանս» ՓԲԸ-ի կողմից, ավագանու քննարկմանը կներկայացվի նաև ՓԲԸ-ի լուծարման հարցը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում