Հայաստան

ՀՀ վարչապետին են ներկայացվել Ակադեմիական քաղաքի տարածքի ակտիվացման աշխատանքները

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետին են ներկայացվել Ակադեմիական քաղաքի տարածքի ակտիվացման աշխատանքները

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ակադեմիական քաղաքի տարածք։ Նիկոլ Փաշինյանին ուղեկցել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ 

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ այցի ընթացքում ներկայացվել են տարածքի ակտիվացման, մասնավորապես՝ Ակադեմիական քաղաքի 275 հա ընդհանուր մակերեսով տարածքում չտարբերակված, անվերահսկելի աղբի և շինությունների քարտեզագրման աշխատանքները, մաքրման ուղղությամբ իրականացվելիք քայլերը։ Անդրադարձ է կատարվել ըստ հատակագծի լանդշաֆտային ենթակառուցվածքների բաշխվածությանը, կանաչապատման ուղղությամբ նախատեսվող աշխատանքներին և այլն։

Հաջորդիվ ներկայացվել է «Ակադեմիական քաղաք»–ի տարածքում իրականացվող պեղումների ընթացքը։ Տեղեկացվել է, որ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագիտական արշավախումբը հոկտեմբերի 15-ից իրականացվող պեղումների արդյունքում բացահայտել է քարակերտ ճարտարապետությամբ Երևանի, թերևս նաև Հայաստանի ու Հարավային Կովկասի հնագույն բնակատեղիներից մեկը՝ Սիլիկյանի բնակատեղին։

Նշվել է, որ Ճարտարապետական հորինվածքները, քարե գործիքների տիպաբանությունը և խեցեղենի իսպառ բացակայությունը հիմք են ենթադրելու, որ այստեղ եղել է նախակերամիկական նեոլիթի հնավայր։ 

Ըստ մասնագետների՝ հետսառցադաշտային շրջանի այս բնակատեղին զբաղեցրել է ավելի քան մեկ հա տարածք։ Մինչ այժմ պեղվել է բոլորաձև դասավորված զանգվածեղ քարերից 2-4 մ տրամագծով ավելի քան 20 սենյակ, վանակատից և բազալտից պատրաստված գործիքների հարուստ հավաքածու։ Տարածքում վանակատի հանքավայրեր բացակայում են, ուստի այն ներկրել են Արագածի կամ Արզնիի վանակատի երևակումներից։ Պատրաստի գործիքներից և զենքերից զատ հայտնաբերվել են նաև վանակատի մանր ցլեպներ և թեփուկներ, որոնք փաստում են տեղում վանակատից և բազալտից գործիքներ պատրաստելու մասին։ 

Կարդացեք հոդվածը` العربيةFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում