Քաղաքականություն

Փաշինյանն անդրադարձավ TRIPP-ի վերաբերյալ ընդդիմախոսների մտահոգություններին

2 րոպեի ընթերցում

Փաշինյանն անդրադարձավ TRIPP-ի վերաբերյալ ընդդիմախոսների մտահոգություններին

Հայաստանի Հանրապետության որևէ ինստիտուտ սահմանափակում չի ունենալու իր տարածքում «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) նախագծի մաս կազմող որևէ ենթակառուցվածքի տարածքի նկատմամբ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Խաղաղության խաչմերուկ. զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցությունները և համագործակցությունը» խորագրով միջազգային համաժողովի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմախոսների մտահոգություններին և հարցադրումներին, թե արդյոք Հայաստանի պատկան մարմինների իրավազորությունը գործելու է «Թրամփի ուղի» երթուղու նկատմամբ:

Նիկոլ Փաշինյանը նշեց՝ ընդդիմախոսների շրջանում մտահոգություններ կան նաև հատվածական սահմանազատման հետ կապված, քանի որ մինչև 2025 թվականի օգոստոսի 8-ը Հայատանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատումն իրականացնել հյուսիսից հարավ, սակայն TRIPP նախագիծն իրագործվելու է Հայաստանի հարավում: 

«Երկաթուղու և այլ ենթակառուցվածքների համար պետք է սահմանը սահմանազատվի այնտեղ, որտեղով անցնելու են դրանք: Այդ ենթակառուցվածքներում աշխատողները պետք է հստակ իմանան, թե որ երկրի տարածքում են աշխատում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրել են հռչակագիր, որի 4-րդ կետով, մասնավորապես, սահմանվում է.  

«Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Մենք հաստատում ենք մեր վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները՝ սույն նպատակին հնարավորինս արագ կերպով հասնելու համար»։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում