Քաղաքականություն

ԱԺ նախագահը հաստատեց, որ հաղորդում է տվել Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ

2 րոպեի ընթերցում

ԱԺ նախագահը հաստատեց, որ հաղորդում է տվել Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հաստատեց, որ հաղորդում է ներկայացրել իրավապահներին Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ՝ «Իմնեմնիմի» փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների կապակցությամբ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ նախագահը հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցում։

«Ամենակարևորը՝ խոսակցությունից, էմոցիայից, վիրավորանքից և զրպարտությունից զատ, կա քրեական բաղադրիչ, երբ դու մեկին սպառնում ես։ Խոսքը հենց դրա մասին է։ Նորից եմ ասում՝ այո, օրենքով պատժվելու են բոլոր նրանք, ովքեր խուլիգանություն կանեն կամ սպառնալիքներ կհնչեցնեն։ Ոչ մի զարմանալու բան չկա․ մենք այլ հասարակարգ ենք ունենալու, որտեղ իրար չենք դանակահարելու»,- նշեց Սիմոնյանը։ 

Նա ընդգծեց, որ յուրաքանչյուր քաղաքացի, որը ենթարկվում է սպառնալիքի կամ բռնության, պետք է դիմի իրավապահներին։
«Ես չէի կարող չդիմել և դիմելու եմ, դիմել եմ, լավ եմ արել, բայց ուրիշ  ի՞նչ պետք է անեմ»,- հավելեց Սիմոնյանը։

Ավելի վաղ, «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի բնակարաններում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: 

Վազգեն Սաղաթելյանը նոյեմբերի 13-ի առավոտյան «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ դիմակավորված անձինք մտնում են իր տուն։ 

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ իր հերթին հայտնել էր, որ դիմակավորված իրավապահները նաև Նարեկ Սամսոնյանի տուն են մտել։ 

Ավելի ուշ Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ Նարեկ Սամսոնյանին ձերբակալել ու տարել են Քննչական կոմիտե։ Մելիքյանը նշել է, որ քրեական վարույթը «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակների նկատմամբ նախաձեռնվել է խուլիգանության հոդվածով։ 

Համացանցում տարածված տեսանյութերից պարզ է դառնում, որ ձերբակալվել և քննչական կոմիտե է տեղափոխվել նաև Վազգեն Սաղաթելյանը։  

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում