Վրացի փորձագետը համակարծիք է ՀՀ վարչապետի հետ, որ TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերը նոր հնարավորություններ են ստեղծելու տարածաշրջանի երկրների համար
5 րոպեի ընթերցում
Վրաստանում բոլորը հասկանում են, որ առաջնահերթությունը Հարավային Կովկասում խաղաղությունն է, հետո միայն դրանից բխող նոր հնարավորությունները՝ տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում ստեղծվելիք տարանցիկ նոր երթուղիները։
«Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող միջազգային երկօրյա համաժողովի շրջանակներում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Վրաստանի հասարակական գործերի ինստիտուտի միջազգային հարաբերությունների մագիստրոսական ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Թոռնիկե Շարաշենիձեն՝ անդրադառնալով քննարկումներին, որ, օրինակ, Հայաստանի տարածքում ստեղծվելիք TRIPP երթուղու գործարկման պարագայում կնվազի Վրաստանի՝ որպես տարանցիկ երկրի դերը։
«Վրաստանում շատերն ասում են, որ մեր երկրի տարանցիկ գործառույթը կարող է տուժել, բայց դա ոչինչ է այն փաստի համեմատ, որ տարածաշրջանում խաղաղություն կլինի։ Կարծում եմ, որ Վրաստանը, հավանաբար, դեռ կարևոր դեր կխաղա բոլոր նոր ճանապարհներում, քանի որ մենք ելք ունենք դեպի ծով։ Եթե Հայաստանի Սյունիքի մարզի ճանապարհը սկսի աշխատել, կարծում եմ՝ դա լավ է, քանի որ, եթե դա նշանակում է խաղաղություն, ապա մենք կողմ ենք ամեն ինչին։ Եվ այն փաստը, որ Վրաստանը կարող է գումար կորցնել, իհարկե, դա երկրորդական հարց է։ Վրաստանում բոլորն իսկապես հասկանում են, որ ամենակարևորը խաղաղությունն է, հետո նոր ճանապարհները»,-ընդգծել է վրացի փորձագետը։
Թոռնիկե Շարաշենիձեն նաև համակարծիք է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այն մտքի հետ, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվելիք TRIPP երթուղին կամ այլ տարանցիկ ճանապարհները ոչ թե խնդիրներ, այլ նոր հնարավորություններ են ստեղծում ինչպես Վրաստանի, այնպես էլ, օրինակ, Իրանի համար։
«Ես համաձայն եմ այդ մտքի հետ․ եթե, ի վերջո, մենք ունենանք լիարժեք խաղաղություն Կովկասում, ապա, ամենայն հավանականությամբ, այլ նոր նախագծեր ևս կսկսեն աշխատել, և բոլորն ավելի լավ վիճակում կլինեն։ Ես այս պահին դեռևս չեմ կարող ասել, թե ինչպես կամ երբ կաշխատի Սյունիքի ճանապարհը, բայց կարծում եմ, որ, ամենայն հավանականությամբ, Բաքվի և Երևանի միջև լիակատար կարգավորումը կապված կլինի հենց դրա հետ»,-նշել է Շարաշենիձեն։
Վրացի փորձագետը նաև բարձր է գնահատել Հայաստանի ու Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և ձեռք բերված այլ համաձայնությունները՝ ընդգծելով, որ դրանք Հարավային Կովկասի տարածաշրջանը կվերածեն խաղաղության և կայունության կենտրոնի։
«Այդ համաձայնությունները շատ կարևոր են, քանի որ մենք պետք է օգնենք միմյանց, որպեսզի ինչ-որ կերպ գոյատևենք։ Մենք շրջապատված ենք տարածաշրջանային տերություններով՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա։ Միացյալ Նահանգները ևս շահեր ու հետաքրքրություններ ունի այստեղ, Չինաստանը, հավանաբար, շուտով կհայտնվի տարածաշրջանում։ Այս մեծ տերությունների միջև միշտ կլինի մրցակցություն Կովկասում։ Եվ մենք՝ տարածաշրջանի երկրներս, պետք է միասին մնանք, որպեսզի պարզապես չմասնատվենք մեծ տերությունների միջև այս պայքարի ընթացքում»,-շեշտել է փորձագետը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հռչակագիր էին ստորագրել։ Մինչ հռչակագրի ստորագրումը Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրել էին խաղաղության պայմանագիրը, ինչպես նաև համատեղ նամակով դիմել էին ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու հարցով։ Նույն օրը Հայաստանը նաև համագործակցության երկկողմ հուշագրեր է ստորագրել ԱՄՆ-ի հետ։
Հռչակագրի 4-րդ կետով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հռչակագրի ստորագրումից հետո հայտարարել է, որ TRIPP-ը Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մաս է կազմում։