Քաղաքականություն

Ֆրանսիան հույս է հայտնել, որ Հայաստանը և Ադրբեջանը կստորագրեն ու կվավերացնեն խաղաղության համաձայնագիրը

3 րոպեի ընթերցում

Ֆրանսիան հույս է հայտնել, որ Հայաստանը և Ադրբեջանը կստորագրեն ու կվավերացնեն խաղաղության համաձայնագիրը

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության խոսնակ Պասկալ Կոնֆավրյոն հայտարարություն է տարածել՝ շնորհավորելով 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ Վաշինգտոնում տեղի ունեցած Հայաստան-Ադրբեջան խաղաղության գագաթնաժողովի 1-ամյա տարեդարձի առթիվ։

«2026 թվականի օգոստոսի 8-ը նշանավորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված պատմական համաձայնության առաջին տարեդարձը։ Վերջին մեկ տարվա ընթացքում երկու երկրների իշխանությունները կարևոր և խիզախ քայլեր են կատարել՝ իրենց ժողովուրդների համար խաղաղությունը շոշափելի դարձնելու նպատակով։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների վերաբացումը և տարածաշրջանային կապի զարգացումը պետք է հնարավորություն տան, որպեսզի Հարավային Կովկասը կրկին դառնա լիարժեք համագործակցության տարածք՝ Եվրոպայի և Ասիայի միջև կապող օղակ։ Ֆրանսիան հույս է հայտնում, որ գործընթացը կշարունակվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ և վավերացմամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  նշվում է հայտարարությունում։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության խոսնակի խոսքով՝ Ֆրանսիան եվրոպական գործընկերների հետ միասին կշարունակի ակտիվորեն նպաստել այդ գործընթացին՝ Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության լիակատար հարգմամբ։

2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ 
Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որի ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը՝ ԱՄՆ նախագահի վկայությամբ, ստորագրել են համատեղ հռչակագիր։ Նույն օրը Հայաստանն ու Ադրբեջանը Սպիտակ տանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը, որը կետերը կողմերն ավելի համաձայնեցրել էին։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում