Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարն ու Դանիայի խորհրդարանի փոխխոսնակը քննարկել են երկկողմ կապերի զարգացման և տարածաշրջանային անվտանգության հարցեր

3 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարն ու Դանիայի խորհրդարանի փոխխոսնակը քննարկել են երկկողմ կապերի զարգացման և տարածաշրջանային անվտանգության հարցեր

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Կոպենհագենում հանդիպել է Դանիայի խորհրդարանի փոխխոսնակ Կարստեն Հյունգեի, արտաքին հարաբերությունների և եվրոպական հարցերի հանձնաժողովների անդամների հետ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի ԱԳ նախարարությունը։ 

ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Դանիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման, Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության խորացման օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր։

Նշվում է, որ Նախարար Միրզոյանը կարևորել է Հայաստանի և Դանիայի խորհրդարանների միջև աճող համագործակցությունը, այդ թվում՝ Հայաստան–Նորդիկ-բալթյան երկրներ (NB8) ձևաչափով: 

«Արարատ Միրզոյանը շեշտել է, որ այդ երկրների հավատարմությունը ժողովրդավարությանը, իրավունքի գերակայությանը, մարդու իրավունքների պաշտպանության ու լավ կառավարմանը ոգեշնչում և աջակցում է Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների, ինչպես նաև ԵՄ հետ գործընկերության խորացման ճանապարհին»,-ասված է ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Նախարարը հիշատակել է 2025թ. մարտին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանը միանալու գործընթաց սկսելու մասին» օրենքը, որն առաջին հերթին ՀՀ քաղաքացիների ձգտումների արտահայտումն էր քաղաքացիական նախաձեռնության միջոցով։ 

Անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ նախարար Միրզոյանը նշել է, որ տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակումը փոխադարձ առավելություններ է ստեղծում ինչպես տարածաշրջանի երկրների համար, այնպես էլ դրանից անդին՝ նպաստելով Եվրոպայից դեպի Ասիա և հակառակը հաղորդակցությունների ցանցի ընդլայնմանը։ 

Միրզոյանը նաև ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրման հարցում ՀՀ մոտեցումը։

Անդրադարձ է կատարվել հումանիտար բնույթի հարցերին։

Հաղորդվում է, որ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը պատասխանել է դանիացի խորհրդարանականներին հետաքրքրող այլ հարցերի։

 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում