Չինաստանի 15-րդ 5-ամյա պլանը նոր հեռանկարներ է բացել Հայաստանի և Չինաստանի համագործակցության համար

12 րոպեի ընթերցում

Վերջերս Պեկինում կայացել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության 20-րդ կենտրոնական կոմիտեի 4-րդ լիագումար նիստը, որի ընթացքում դիտարկվել և ընդունվել են Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջարկները ազգային տնտեսական և սոցիալական զարգացման 15-րդ  5-ամյա ծրագրի մշակման վերաբերյալ, որը ծառայում է որպես ուղեցույց 2026-2030 թվականների համար Չինաստանի զարգացման հաջորդ պլանը կազմելու համար։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում չինագետ, «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի ղեկավար Մհեր Սահակյանն անդրադարձավ Չինաստանի վերջին տասնամյակների զարգացման նախադրյալներին, ինչպես նաև Չինաստանի տնտեսության զարգացման 15-րդ հնգամյա ծրագրի դրույթներին ու ռազմավարական ուղղություններին, որոնք վերջերս ծավալուն զեկույցով ներկայացրել էր ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը՝ Չինաստանի իշխող Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարին ընդառաջ։   

Նա  կարծում է, որ Չինաստանն այսօր Եվրասիական մայրցամաքում միակ գերտերությունն է, որը վերջին տասնամյակներում աննախադեպ հաջողությունների է հասել՝ մեծ ուշադրություն դարձնելով նախևառաջ գիտության և կրթության զարգացմանը, և այդ ոլորտներում գրանցված արդյունքներն օգտագործել է երկրի տնտեսությունն արդիականացնելու համար։   

«Կապելով գիտությունն ու տնտեսությունը՝ Չինաստանը տպավորիչ զարգացման ճանապարհին հասել է կոնկրետ արդյունքների։ ՉԺՀ-ն ուշադրություն է դարձրել ենթակառուցվածքների զարգացմանը՝ թե՛ միջպետական, թե՛ ներքին տրանսպորտային հանգույցների արդիականացմանը, որպեսզի քաղաքներն ու նահանգները միմյանց հետ ավելի սերտ կապվածություն ունենան։ Նոր երկաթուղիների և ավտոմայրուղիների կառուցումն իր հերթին հանգեցրել է տնտեսական մեծ բումի։ Չինաստանը մեծ ուշադրություն է հատկացրել նաև արդյունաբերության զարգացմանը՝ ստեղծելով մի համակարգ, որը ժամանակի հետ մոդեռնիզացվեց համապատասխան բարեփոխումների շնորհիվ»,-ասաց Սահակյանը։ 

Նրա դիտարկմամբ՝ եթե նախկինում Չինաստանն ավելի շատ ուշադրություն էր դարձնում քիմիական և տեքստիլ արդյունաբերությանը, ապա այսօր, պահպանելով այդ ճյուղերը, ավելի շատ ուշադրություն է դարձնում բարձրորակ զարգացմանը և հիմնական շեշտը դնում է ավելի թանկարժեք ու վերջնական արտադրանքի, այդ թվում՝ նորագույն տեխնոլոգիաների ու էլեկտրատեխնիկայի թողարկման վրա։  

«Բնականաբար, ուշադրությունից չի վրիպում հաղորդակցության ուղիների գերարդիականացումը։ Այդ ամենը հանգեցրել է նրան, որ չինական արդյունաբերությունը, օգտվելով սեփական գիտական մտքի կատարած աշխատանքներից, փոխում է իր կերպարն ամբողջ աշխարհում։ 10-20 տարի առաջ խոսելով չինական արտադրության ապրանքների մասին՝ նշում էին, որ դրանք աչքի չեն ընկնում բարձր որակով, բայց այսօր իրավիճակն արմատապես փոխվել է։ Նույն չինական մեքենաները, համակարգիչներն ու հեռախոսներն արդեն բարձր համբավ ունեն։ Չինաստանը վերջերս սկսել է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ երկար տասնամյակներ երկրում առկա էր օդի աղտոտվածության խնդիրը, ուստի այժմ խթանում է կանաչ էներգետիկան՝ կիրառելով ինովացիոն միջոցներ, փոխելով ջեռուցման համակարգը, նախապատվություն տալով էլեկտրամեքենաների արտադրության աճին»,- ասաց չինագետը։    

Սահակյանի կարծիքով՝ Չինաստանն այսօր արհեստական բանականության ուղղությամբ ահռելի գործունեություն է ծավալում։ Դա ունի որոշակի առավելություն, քանի որ 1,4 միլիարդ մարդ է ապրում երկրում, և դա հնարավորություն է տալիս հսկայական տեղեկատվական բազա ստեղծել, ինչը կարևոր հանգամանք է արհեստական բանականության պարագայում։  

«ՉԺՀ-ն նշված ուղղությամբ նույնպես կատարում է ահռելի ներդրումներ, քանի որ արհեստական բանականության զարգացումը երկրի ղեկավարության կողմից համարվում է գերակայություն՝ հաշվի առնելով, որ այն 21-րդ դարում կունենա վճռորոշ նշանակություն։ Այստեղ մրցակցությունն ԱՄՆ-ի հետ բավականին մեծ է, ու թեև ՉԺՀ-ն որոշակի կախվածություն ունի ամերիկյան չիպերից՝ սեմիկոնդակտորներից, բայց վերջին շրջանում չինական ընկերությունները սկսեցին թողարկել սեփական արտադրանքը՝ հետզհետե փոքրացնելով ներմուծումներն ԱՄՆ-ից։ Չինաստանն այս ոլորտում ևս ձգտում է ստեղծել իր ենթակառուցվածքները։ Հայտնի «DeepSeek» չինական կազմակերպության կողմից ստեղծված արհեստական բանականության գործիքը, մտնելով շուկա՝ կատարեց մեծ հեղափոխություն և ապացուցեց, որ կարելի է նույնիսկ ոչ ժամանակակից չիպերի միջոցով ունենալ շատ զգալի և ուժեղ գործիք՝ մարտահրավեր նետելով «Google»-ի կողմից ստեղծված արհեստական բանականությանն  ու «Open AI»-ի կողմից ստեղծված «ChatGPT»-ին»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։ 

Նա հավելեց, որ դժվար է պատկերացնել որևէ բնագավառ, որը հետագայում չի կապվելու արհեստական բանականության հետ, ուստի չինացիները ձգտում են առաջատար դիրքեր գրավել նաև այդ ոլորտում՝ կատարելով համակցված աշխատանք։

Սահակյանի կարծիքով՝ թեև Չինաստանը մինչ օրս կիրառում է պլանային տնտեսության ռազմավարությունը, բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ ամբողջ տնտեսությունը վերահսկվում է կառավարության կողմից։        

«Իհարկե, կառավարությունը սահմանում է զարգացման հիմնական ուղենիշները, բայց Չինաստանում գործող կազմակերպություններն ունեն ազատ աշխատելու հնարավորություն, և, իհարկե, այնտեղ բիզնեսը շատ զարգացած է։ Սխալ կլինի ասել, որ ամեն ինչ կառավարության ձեռքում է, ինչպես նախկին ԽՍՀՄ-ում էր։ Բիզնես կազմակերպություններն այսօր ունեն ազատ գործելու և մանևրելու իրավունք, ինչը նպաստել է երկրի զարգացմանը։ Չինացիները դեռևս 1970-ական թվականներից Դեն Սյաոպինի գլխավորությամբ առաջ քաշեցին մոդեռնիզացիայի գաղափարը, ինչը բոլորին թույլ տվեց ազատ զբաղվել գործարարությամբ, տնտեսությունն ազատականացվեց ու միջազգայնացվեց, հաստատվեցին սերտ կապեր արտերկրի շուկաների ու առաջադեմ արտադրողների հետ, ներգրավվեցին հսկայական ներդրումներ։ Արդյունքում Չինաստանը հասավ աննախադեպ զարգացման»,- ասաց Սահակյանը։ 

Նա հայտնեց, որ կարդացել է ՉԺՀ-ի տնտեսության զարգացման 15-րդ հնգամյակի ծրագրային դրույթները, որոնք ներառում են թափանցիկության ու միջազգային համագործակցության խթանումը։ 

 «Ըստ այդմ՝ հետազոտություններն այնպես պետք է իրականացվեն, որպեսզի կապիտալիզացվեն տնտեսության ոլորտում աշխատողների ցուցաբերած արդյունքները, և նրանց հնարավորություն տրվի սեփական արտադրանքը վաճառել արտերկրի շուկաներում։ Այս հնգամյակի ծրագրում կառավարությունը նշել է նաև մարտահրավերները, և ամենաէականներից մեկն առնչվում է դեմոգրաֆիայի խնդրին։ Մի կողմից երկիրը բնակչության մեծ թվաքանակի հաշվին ունի ահռելի աշխատուժ, բայց մյուս կողմից էլ բնակչությունը ծերանում է, ուստի կառավարությունը փորձում է մարդկանց կենսակերպն ու միջավայրը զգալիորեն բարելավել, բարեկեցիկ պայմաններ ստեղծելով՝ նպաստել բնակչության թվաքանակի աճին։ Այդ առումով մեծ ուշադրություն է հատկացվում առողջապահությանն ու շրջակա միջավայրի մաքրությանը»,-ասաց Սահակյանը։ 

Նա տեղեկացրեց, որ վերջերս է վերադարձել Պեկինից, որտեղ տարիներ առաջ ավելի սրությամբ էր դրված օդի աղտոտվածության խնդիրը, իսկ այսօր իրավիճակը շահեկանորեն փոխվել է, և մաքրության տեսանկյունից նկատելի է զգալի տեղաշարժ, ինչը վկայում է, որ մարդիկ գիտակցում են շրջակա միջավայրի պահպանության կարևորությունը և ձգտում են զարգացնել կանաչ էներգետիկան։  

Մեր զրուցակիցը նշեց, որ լինելով զարգացած գերտերություն՝ Չինաստանն առաջ է քաշում նաև գլոբալ ծրագրեր, որոնցից մեկն էլ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագիծն է։ 

ՉԺՀ-ն 2024 թվականի վերջի դրությամբ 370 միլիարդ դոլար է ներդրել երկրներում, որոնք մասնակցում են «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը, մասնավորապես այդ պետությունների հաղորդակցության կապուղիներն արդիականացնելու և Չինաստանի հետ կապելու նպատակով։ Զգալի աշխատանքներ են իրականացվել նաև տարբեր երկրներում նավահանգստային ենթակառուցվածքները զարգացնելու, առանձին տերմինալներ վարձակալելու և գործարկելու ուղղությամբ, որպեսզի չինական արտադրանքն արտահանվի այլ երկրներ և այդ երկրներից  էլ ներկրվեն անհրաժեշտ ապրանքները։  

Սահակյանի գնահատմամբ՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագիծը մեծ փաթեթ է իր ներդրումներով, առևտրի հնարավորություններով, ենթակառուցվածքները զարգացնելու հեռանկարով, ուստի Պեկինում գործընկեր պետությունների ղեկավարների հետ կազմակերպվող հանդիպումներն ու տվյալ նախագծին առնչվող համաժողովներում ընդունվող որոշումները փոխում են Եվրասիական աշխարհամասի տնտեսական ու քաղաքական կյանքը։  

«Չինաստանն այդ նախագծով պրոյեկտում է իր տնտեսական ներուժը, կապեր է ստեղծում այլ երկրների հետ, նրանց շահագրգռում է ներգրավվել այդ նախագծում։ Հայաստանը բացառություն չէ։ Մեր երկիրը նախկինում տևական ժամանակ չինական ուղղությամբ պասիվ էր, բայց այսօր իրավիճակը շահեկանորեն փոխվել է։ Արդեն ունենք ուղիղ ավիահաղորդակցություն, երկու երկրների միջև ստորագրվել է համատեղ հայտարարություն ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին, ինչը թույլ է տալիս ավելի ամրապնդել կապերը։ Ցավոք, Հայաստանը Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ ենթարկվել է բլոկադայի, ուստի այդ պատճառով հնարավորություն չի ունեցել միանալ տարածաշրջանային հաղորդակցական կապուղիներին։ Եթե խնդիրները լուծվեն Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, ինչի համար արդեն իսկ կան նախադրյալներ, ապա դա հնարավորություն կտա, որպեսզի հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը համակցվի չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ին՝ խաղաղություն բերելով մեր տարածաշրջանին և տնտեսական զարգացման հնարավորություններ ընձեռելով բոլոր երկրներին»,-ասաց Սահակյանը։ 

Չինագետի պնդմամբ՝ պետք է հասկանալ, որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի տրամադրած հնարավորություններն իսկապես ահռելի են, որոնք ապահովում են հսկայածավալ ներդրումներ և մեծ չափերի ապրանքաշրջանառություն։

«Պետք է հասկանանք, թե ինքներս ինչ ենք ուզում և ինչ կարող ենք առաջարկել Չինաստանին, ինչպիսի հնարավորություններից կարող ենք օգտվել։ Անհրաժեշտ է կատարել խորքային հետազոտություններ ու շարժվել առաջ»,- եզրափակեց Սահակյանը։   

Հայերեն Русский

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին