ՀԾԿՀ-ն կքննարկի ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցնելու հարցը
2 րոպեի ընթերցում

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կքննարկի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության լիցենզիան դադարեցնելու հարցը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցնելու հարցն ընդգրկված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ նոյեմբերի 13-ին կայանալիք նիստի օրակարգում։
Հանձնաժողովի որոշման նախագծին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի հունիսի 18-ին հայտարարել էր, որ հասունացել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը պետականացնելու պահը։
2025 թվականի հուլիսին Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀԷՑ-ի պետականացմանը միտված օրենսդրական նախաձեռնությունը, որով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին տրվել էին նոր լիազորություններ։ Մանսավորապես, օրենքով սահմանվել է՝ եթե լիցենզավորված կազմակերպության գործունեությունն ունի բարձր ռիսկայնություն, կառավարության լիազոր մարմինը կարող է հաղորդում ներկայացնել, հնարավոր դարձնել կանխարգելիչ միջոցների կիրառումը մինչ վարույթի հարուցումը, հստակեցնել այդ միջոցների տեսակները, կիրառման կարգը և իրավաչափության պայմանները։
Հուլիսի 18-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի որոշմամբ՝ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ։
ՀԷՑ-ի սեփականատերը «Տաշիր Կապիտալ» ընկերությունների խումբն է, որը ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշումը վիճարկել էր Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում։