Գավառի պետթատրոնը հյուրընկալել է Աշտարակի դրամատիկական թատրոնի դերասաններին

1 րոպեի ընթերցում

Գավառ քաղաքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում հյուրախաղով հանդես են եկել Աշտարակի դրամատիկական թատրոնի դերասանները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, Աշտարակի դրամատիկական թատրոնի դերասանները բեմում ներկայացրել են Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմը, որը բեմադրվել է գրողի սիրային բանաստեղծությունների ուղեկցությամբ։ 

Բեմադրության ընթացքում հնչել է կենդանի երաժշտություն, առանձնացվել է պլաստիկան, երաժշտությունը, բեմական խոսքը և դրանց հավաք ռեժիսուրան: 

Բեմադրման ռեժիսորը Գոռ Մարգարյանն է։ Պլաստիկան հեղինակել է Մարիկա Դովլաթբեկյանը, բեմական խոսքը` Տաթև Ղազարյանը, երաժշտությունը` Նարեկ Կոսմոսը։

Ներկայացումը դիտել են Գեղարքունիքի մարզային ենթակայության հանրակրթական հաստատությունների բարձր դասարանների աշակերտներ, հանրակրթության ոլորտի աշխատակիցներ։

Միջոցառման կազմակերպչական աշխատանքներն իրականացվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության կողմից։

Հայերեն