Աշխարհագրական ու տնտեսական գործոնները հաղորդակցական ուղիների վերաբացման գործում կունենան վճռորոշ նշանակություն․ Սամվել Մելիքսեթյան
5 րոպեի ընթերցում

Աշխարհագրությունը միշտ գերադասելի է քաղաքականությունից, հետևաբար ժամանակի հետ աշխարհագրական ու տնտեսական գործոնները Հարավային Կովկասում հաղորդակցական ուղիների վերաբացման գործում կունենան վճռորոշ նշանակություն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ տեսակետը «Օրբելի ֆորում 2025. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» համաժողովում հայտնեց Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Սամվել Մելիքսեթյանը։
«Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիները վերաբացելիս հարկ է գիտակել, թե ինչպես կլուծեինք խնդիրները, եթե մեր միջև չլինեին քաղաքական սահմաններ։ Այդ դեպքում մենք կընտրեինք ամենահարմար, ամենաօպտիմալ կապուղիները։ Պետք է հաշվի առնել, որ Հարավային Կովկասը փոքր տարածաշրջան չէ, այստեղ բացի բուն երեք երկրներից, կա նաև Նախիջևանի անկլավը, հետևաբար փոխկապակցվածությունը պայմանավորված է նաև բարդ աշխարհագրական պատկերով»,- ասաց Մելիքսեթյանը։
Փորձագետի դիտարկմամբ՝ վերջին երեսուն տարիների ընթացքում հակամարտություններից հետո Հարավային Կովկասում ձևավորվել են նոր կապուղիներ, որոնք արդյունավետ չեն։ Պարզապես պետք էր շրջանցել հակամարտությունների տարածքները։ Խոսքը չի վերաբերում միայն ղարաբաղյան հակամարտությանը, այլև աբխազական կոնֆլիկտին, որի պատճառով փակվեց Ռուսաստանից Վրաստանով դեպի Հայաստան եկող երկաթուղին։ Խոսքը վերաբերում է նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև բոլոր կապուղիների խափանմանը, ինչն էլ հանգեցրել է հաղորդակցության դեգրադացիայի մեր տարածաշրջանում։
Մելիքսեթյանի կարծիքով՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծում հաշվի է առնված աշխարհագրական գործոնը և այն ընկալումը, որ չի կարող լինել միայն մեկ նախընտրելի ճանապարհ։ Ըստ նրա՝ ղարաբաղյան հակամարտությունից կարելի է գալ այն եզրակացության, որ այժմ ձևավորվել են բոլորովին նոր իրողություններ, որոնց թվում կարևոր է նաև «Թրամփի ուղի» նախագիծը, որն Ադրբեջանի հիմնական տարածքը կկապի Նախիջևանի հետ։ Այդ հարցը միշտ Ադրբեջանի համար ունեցել է քաղաքական նշանակություն, հետևաբար այսօր էլ քննարկումների ժամանակ բավականին քաղաքականացվում է։
Նա հավելեց, որ ժամանակին ձևավորվեց Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթգիծը, որն ավելի կարճ է Հայաստանի ու Ադրբեջանի հարավով անցնող երկաթգծից, սակայն դա նույնպես արդյունավետ չի գործում, որովհետև դրա կառուցումը նույնպես պայմանավորված էր քաղաքական նախադրյալներով։
«Այդ համատեքստում կարևոր է ոչ թե մեկ կապուղին, այլ հաղորդակցության տարբեր ուղիները միասին վերցրած, որոնք կապում են ոչ միայն մեր տարածաշրջանի զանազան հատվածները, այլև Հարավային Կովկասը մյուս տարածաշրջանների հետ։ Տվյալ տեսանկյունից «Խաղաղության խաչմերուկ» նախագծի առավելությունն իսկապես ակնառու է։ Միջին միջանցքի ավտոմոբիլային ու երկաթուղային ամենաօպտիմալ ճանապարհներն անցնում են հենց Հայաստանի տարածքով, որն այլընտրանք չունի զուտ աշխարհագրորեն»,- ասաց Մելիքսեթյանը։
Նախորդ տարի հայկական կողմն արդիականացրեց Մարգարայի անցակետը հայ-թուրքական սահմանին և այժմ էլ առաջարկել է Թուրքիային և Ադրբեջանին հետամուտ լինել տարանցիկ ճանապարհների շահագործմանը, թեև այդ առաջարկը, ըստ փորձագետի, բախվում է որոշ դժվարությունների հետ, որոնք կապված են Հայաստանի և Ադրբեջանի միջև անցակետերի բացակայության հետ հատկապես այն հատվածներում, որտեղ կապուղիներն ամենաօպտիմալն են և հաջողությամբ շահագործվել են խորհրդային ժամանակաշրջանում։
«Անցակետերի բացման համար անհրաժեշտ են քաղաքական որոշումներ, պետք է լինի սահմանազատում և սահմանագծում, ենթակառուցվածքների երկկողմանի վերագործարկում։ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև կապուղիների անխափան աշխատանքը դժվար է պատկերացնել առանց մաքսային ճկուն քաղաքականության, ընդհանուր տեղեկատվության փոխանակման, ապրանքաշրջանառության ծավալների ընդլայնման, ընդհանուր ընթացակարգերի պարզեցման, հետևաբար կողմերի միջև համագործակցությունն ու տարաբնույթ կապուղիների ընտրությունը շատ կարևոր է։ Այդ ամենը բոլորին դրդում է գնալ խաղաղության ճանապարհով, եթե խոսքը վերաբերում է Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, և ինտեգրացիային, եթե խոսքը վերաբերում է տարածաշրջանային գործընթացներին»,- եզրափակեց Մելիքսեթյանը։