Վրաստանը պատրաստակամություն է հայտնել մեծացնելու տրանսպորտային հոսքերը Չինաստանի և Եվրոպայի միջև
1 րոպեի ընթերցում

Վրաստանը պատրաստակամություն է հայտնում համագործակցելու Պեկինի հետ՝ Չինաստանի և Եվրոպայի միջև տրանսպորտային հոսքերի մեծացման գործում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Շանհայում անցկացվող Չինաստան ներմուծվող ապրանքների 8-րդ միջազգային ցուցահանդեսի (CIIE) բացման արարողության ժամանակ:
«Վրաստանը հաստատում է հետագա համագործակցության իր պատրաստակամությունը Չինաստանի և Եվրոպայի միջև տրանսպորտային հոսքերի մեծացման նպատակով», - ասել է Կոբախիձեն:
Նա նշել է դրական դինամիկան երկրների միջև բեռնափոխադրումների ոլորտում. 2025 թվականի հունվարից մինչև օգոստոս ընկած ժամանակահատվածում Չինաստանի և Վրաստանի միջև փոխադրված կոնտեյներների քանակն աճել է 71%-ով՝ հասնելով 12 000 միավորի: Բացի այդ, 2024 թվականին փոխադրված բեռների ծավալը 15 անգամ գերազանցել է 2023 թվականի ցուցանիշը, հավելել է նա:
Կոբախիձեի խոսքով՝ 2025 թվականի առաջին ինն ամիսներին Չինաստանի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառությունը հասել է 1,65 միլիարդ ամերիկյան դոլարի՝ ցուցաբերելով 15% աճ:
CIIE-ն ներմուծմանը նվիրված խոշորագույն ցուցահանդեսն է Չինաստանում։ Միջոցառումը տեղի է ունենում նոյեմբերի 5-10-ը։