ՆԳ նախարարը վստահեցրեց՝ ՀՀ-ն որակյալ աշխատանք է ապահովելու վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում
2 րոպեի ընթերցում

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը վստահեցրեց, որ Հայաստանը հետևողականորեն և բարձր որակով է իրականացնելու ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում նախատեսված բոլոր պարտավորությունները։
«Հայաստանի Հանրապետությունը որակյալ աշխատանք է ապահովել և ապահովելու վիզաների ազատականացման շուրջ Եվրամիության հետ երկխոսության շրջանակներում, որովհետև մենք հեռու ենք այն մտքից, որ գնալու ենք արհեստականորեն գործողությունների ծրագրի իրականացման ճանապարհով»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց նախարարը։
Սարգսյանի խոսքով՝ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը Հայաստանի համար ոչ միայն տեխնիկական գործընթաց է, այլև արժեհամակարգային հնարավորություն՝ խորացնելու կապերը եվրոպական ընտանիքի հետ։
«Սա նաև կարևորագույն հնարավորություն է ապահովելու մարդկային, տնտեսական, մշակութային և կրթական կապերը Հայաստանի և Եվրոպական միության միջև»,– նշեց նա։
Նախարարը շնորհակալություն հայտնեց ԵՄ Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխներին, ինչպես նաև Հայաստանում ԵՄ պատվիրակությանը՝ համագործակցության և համատեղ աշխատանքի համար։
«Այսօր գործողությունների ծրագրի պաշտոնական հանձնումը վկայում է համատեղ ջանքերի որակի և երկկողմ պատրաստակամության մասին՝ շարունակելու այս գործընթացը մինչև վիզաների ազատականացման ամբողջական իրագործումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար»,-ընդգծեց Արփինե Սարգսյանը։