Խաղաղության ամրագրման համար Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունները պետք է անկաշկանդ շփվեն. փորձագիտական միջազգային համաժողով՝ Երևանում

8 րոպեի ընթերցում

Երևանում մեկնարկած միջազգային երկօրյա համաժողովն այս տարի կրում է «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը: 

Միջոցառմանը հրավիրվել են մոտ 50 փորձագետներ 16 երկրներից, այդ թվում՝ երկուսն Ադրբեջանից։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Օրբելի» կենտրոնի համակարգող և առաջին պանելային քննարկման վարող Միքայել Յալանուզյանը նշեց, որ քննարկման հիմնական թեման առնչվում է հարավկովկասյան տարածաշրջանի ենթակառուցվածքային մեծ նախագծերին, ինչպես նաև Հայաստանի ինտեգրմանն այդ նախագծերում, դրանց հնարավորություններին ու հեռանկարներին։ 

«Հաղորդակցության ուղիների ինտեգրումն ու համարկումը, ինչպիսիք են Միջին միջանցքը, Հյուսիս-Հարավ միջանցքը, «Խաղաղության խաչմերուկ»-ը, «Թրամփի ուղի»-ն,  չափազանց կարևոր են և բոլորին հետաքրքրում են, թե ինչ խնդիրներ կան այն երկրներում, որտեղով անցնում են հաղորդակցության ուղիները։ Մեզ համար կարևոր են նաև փորձագիտական կարծիքները, թե ինչ կարելի է անել՝ տնտեսական և ենթակառուցվածքային ինտեգրացիան ավելի զարգացնելու համար»,- ասաց Յալանուզյանը։

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ Հարավային Կովկասը հաղորդակցության ուղիների լիարժեք հնարավորությունների ու անխափան շահագործման տեսակետից դեռ կայացած չէ։ Ճանապարհները փակ են Հայաստանի ու Ադրբեջանի, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև։     

«Խնդիրը չի առնչվում միայն հաղորդակցության կապուղիներին, այն ունի սոցիալական և հոգեբանական հենք։ Առնվազն երեսուն տարի այդ խնդիրները զգացնել են տվել, սակայն վերջին մի քանի տարիների ընթացքում իրավիճակը հետզհետե փոխվում է։ Հարաբերությունների նորմալացման ու ենթակառուցվածքների անխափան շահագործման համար անհրաժեշտ են կամք և փոխադարձ ցանկություն։ Հնարավորությունների հեռանակարը նույնպես պահանջում է համատեղ ջանքերի համադրում։ Միայն փաստաթուղթ ստորագրելով հարցը չի լուծվի, հետևաբար անհրաժեշտ են գործուն քայլեր ու մեխանիզմներ՝ փաստաթղթերում ամրագրված դրույթները կյանքի կոչելու համար»,- ասաց Իսկանդարյանը։ 

Նա խորհուրդ տվեց առհասարակ մտածել տարածաշրջանի մասշտաբով, Հարավային Կովկասը պատկերացնել ոչ թե որպես կոնֆլիկտային տարածք, այլ տարածաշրջան, որտեղ համագործակցության համար առկա է մեծ ներուժ։ Իսկանդարյանի կարծիքով՝ պետք է այնպես անել, որ տարածաշրջանի բոլոր երկրների միջև հարաբերություններն ինստիտուտցիոնալիզացվեն, սահմանները ճանաչվեն ու բացվեն, քանի որ խաղաղության ամրագրման համար պետք է մարդիկ անկաշկանդ շփվեն։ Քաղաքագետին հուսադրում է այն հանգամանքը, որ առաջին քայլերն այդ ուղղությամբ արդեն արվում են։ 

Վրաստանի Տրանսպորտային միջանցքների հետազոտությունների կենտրոնի տնօրեն Պաատա Ցագարեիշվիլին իր ելույթում նշեց, որ իրենց մասնագիտացված ու ծավալուն ուսումնասիրությունները ցույց են տալիս, թե շահագործման ինչպիսի ներուժ ունեն ենթակառուցվածքները, որոնք կապում են Հարավային Կովկասը մյուս տարածաշրջանների հետ՝ մատնանշելով հոսքերի ձևավորումն ու թողունակությունը։ Նրա համոզմամբ՝ խորը վերլուծությունները հնարավորություն են տալիս մշակել ռազմավարություն՝ լրացուցիչ բեռնափոխադրումներ ներգրավելու և հնարավորությունների տիրույթն ընդլայնելու համար։ 

«Հայաստանի և Վրաստանի միջև բեռնափոխադրումների հոսքը գոհացուցիչ չէ։ 2023 թվականին երկու երկրների միջև երկաթուղային փոխադրումների ծավալն, օրինակ, նվազել է ու դարձել 0,7 միլիոն տոննա։ Խնդիրներից մեկը հայկական երկաթուղու ոչ բարվոք վիճակն է, դրա հոսքի արագությունը բավականին ցածր է՝ կազմելով 25-60 կմ/ժ։ Նման պայմաններում երթևեկի արդյունավետությունը դառնում է բավականին ծանր։ Խնդիրը պետք է լուծվի կառավարությունների մակարդակով»,- ասաց Ցագարեիշվիլին։

«Քարնեգի» հիմնադրամի Ռուսաստան-Եվրասիա Կենտրոնի հետազոտող, ադրբեջանցի փորձագետ Զաուր Շիրիևը նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն ու փոխադարձ այցերի կազմակերպումը կնպաստեն, որ նման պրակտիկան դիտվի որպես սովորական երևույթ։ 

«Վերջին երեք տարիներին մենք տեսնում ենք, որ խաղաղության գործընթացն ու հարաբերությունների կարգավորումն իրենց ձեռքն են վերցրել մեր երկրների կառավարությունները։ Խաղաղությունն  առաջ տանելու նպատակով երկուստեք կատարվել են շատ քայլեր, և վերջապես ունենք խաղաղության պայմանագրի տեքստը։ Սա նոր գործընթացի սկիզբն է։ Խաղաղություն ասելով՝ չպետք է սահմանափակվենք, անհրաժեշտ է խաղաղության հանդեպ լինել հոգատար։ Ներկայում մենք խաղաղությունը բնորոշելու փուլում ենք, որի համար պետք են պրակտիկ քայլեր»,- ասաց Շիրիևը։ 

Ադրբեջանցի փորձագետի կարծիքով՝ Նախիջևանը պետք է դուրս գա մեկուսացումից, իսկ Հայաստանն ինտեգրվի կապակցվածության ծրագրերին։ Նրա դիտարկմամբ՝ Հայաստան-Վրաստան-Ադրբեջան եռյակի միջև հաղորդակցության ներդաշնակությունը կդառնա լիարժեք առաջընթացի գրավականը։   

«Դրա համար կան անհրաժեշտ նախադրյալներ ու հնարավորություններ։ Պարզապես պետք է հաղթահարվեն մարտահրավերները։ Բայց փոխկապակցվածությունը միայն էներգակիրների փոխանակումը չէ, հաղորդակցական ուղիների շահագործումը չէ։ Այս ամենը ենթադրում է ավելի լայն ընկալում։ «Թրամփի ուղի» նախագիծը պետք է ընդլայնվի՝ հնարավորություն ստեղծելով ադրբեջանական նավթի ու գազի արտահանման համար դեպի այլ շուկաներ, այդ թվում՝ դեպի Հայաստան։ Մեր տարածաշրջանի ռեսուրսները պետք է օգտագործվեն փոխշահավետորեն»,- ասաց Շիրիևը։ 

Նրա համոզմամբ՝ կարևոր է նաև երկուստեք աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի  հասարակությունների միջև։ Ըստ նրա՝ երկու ժողովուրդները պատերազմի հետևանքով մեծապես տուժել են, հետևաբար խաղաղության դարաշրջանին անցնելու համար անհրաժեշտ են անմիջական շփումներ հայերի ու ադրբեջանցիների միջև՝ ընդգրկելով ոչ միայն փորձագետներին ու լրագրողներին, այլև հասարակության մյուս շերտերի ու խմբերի ներկայացուցիչներին։  

«Երրորդ ուղղությունը վերաբերում է համատեղ գործողությունների ճանապարհային քարտեզին։ Երբ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, հարաբերություններն ինքնաբերաբար կստանան նոր կարգավիճակ, կունենան մեծ նշանակություն։ Ճանապարհային քարտեզը նաև կօգնի ամրապնդել խաղաղությունը, հետևաբար հասարակություններն իրենց հերթին պետք է աջակցեն երկու երկրների կառավարություններին, որպեսզի խաղաղության ճանապարհին հասնենք շոշափելի արդյունքների։ Մարդիկ պետք է տնտեսապես շահեն ու համոզված լինեն, որ այդպես կշարունակվի ապագայում»,- նշեց ադրբեջանցի փորձագետը։ 

Հայերեն ქართული

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում