Ձյուդոիստ Վահե Աղասյանը՝ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության հաղթող
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ, 60 կգ քաշային Վահե Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում անցկացված Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախնական փուլում Աղասյանն առավելության է հասել Բուլղարիայից` Հրիստո Հրիստովի, Իսպանիայից`Լոպես Բարրոսոյի` և Մոլդովայից` Վլադիմիր Լակոմիի նկատմամբ, կիսաեզրափակչում հաղթել է բելգիացի Օլիվեր Նաերտին, իսկ եզրափակչում պարտության է մատնել Վրաստանի ներկայացուցիչ Մատե Գոգոբերիշվիլուն:
Աղասյանը դարձել է հայկական ձյուդոյի պատմության մեջ երկրորդ մարզիկը, որը ոսկե մեդալ է նվաճել մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ Հայաստանի առաջին ոսկե մեդալն այս տարիքային խմբում նվաճել էր Արմեն Նազարյանը՝ դեռևս 2003 թվականին։
Հայաստանի հավաքականի կազմում Քիշնևում անցկացված առաջնությունում հանդես են եկել նաև Մարտին Բադալյանը (60 կգ), Ժիրայր Համբարյանը (66 կգ), Արտակ Թորոսյանը (73 կգ) և Գոռ Կարապետյանը (100 կգ):