6 րոպեի ընթերցում
Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի՝ Թեսալիա կատարած աշխատանքային այցի վերաբերյալ հոդված է հրապարակել (առցանց և տպագիր) Larissanet շաբաթաթերթը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հունաստանում ՀՀ դեսպանությունը թարգմանաբար ներկայացրել է շաբաթաթերթի հրապարակած հոդվածը։
«Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը Հունաստանում՝ պարոն Տիգրան Մկրտչյանը, larissanet-ին տված հարցազրույցում պատմում է Լարիսա իր պատմական այցի մասին, երկու ժողովուրդների բարեկամության և երկրների միջև համագործակցության հեռանկարների մասին։
Հայաստանի դեսպանի՝ պարոն Տիգրան Մկրտչյանի այցը Լարիսա և շրջակա տարածքներ կրում էր պատմական և խորհրդանշական բնույթ՝ միավորելով անցյալը ներկային և բացելով նոր ուղիներ ապագա համագործակցության համար։ Գերմանացիներից Լարիսայի ազատագրման (1944 թ. հոկտեմբերի 23) և «ՈՉ»-ի օրվա (հոկտեմբերի 28) տարեդարձերի առիթով պարոն Մկրտչյանը որոշեց առաջին անգամ այցելել «Հունաստանի սիրտ», ինչպես ինքն է բնորոշել՝ ճանաչելով քաղաքի կարևոր դերը երկրի պատմության, տնտեսության և մշակույթի մեջ»,- գրում է շաբաթաթերթը։
Անդրադառնալով Թեսալիա կատարած այցի նպատակին՝ դեսպանն ընդգծել է․
«Ես ծրագրել էի գալ Լարիսա, ինչպես նաև այցելել Հունաստանի այլ շրջաններ։ Սակայն Լարիսան ազատագրվել է գերմանացիներից 1944 թվականի հոկտեմբերի 23-ին, և ես ցանկացա համատեղել այցս հոկտեմբերի 28-ի «ՈՉ»-ի (Օխի) տոնի հետ։ Այս քաղաքը կարևոր դեր է խաղացել գերմանացիներից ազատագրման գործում, բայց նաև այժմ էլ կարևոր նշանակություն ունի՝ իր աշխարհագրական դիրքով, տնտեսությամբ և մշակույթով։ Սա Հունաստանի սիրտն է։ Սա իմ առաջին այցն է Լարիսա։ Այստեղ զգում ես Հունաստանի սրտի բաբախը, որովհետև գտնվում ես աստվածային Օլիմպոս լեռան ստորոտի մոտ, այստեղ է նաև Աքիլեսի հայրենիքը և Հիպոկրատի՝ բժշկության հոր, գերեզմանը։ Ես ուզում եմ հավելել, որ Լարիսան և հատկապես Հունաստանը առանձնահատուկ կապ ունեն Հայաստանի հետ, քանի որ այստեղից ոչ հեռու գտնվում է Արմենիո գյուղը։ Ավանդությունը ասում է, որ այն հիմնադրել է Արմենոսը՝ Յասոնի ուղեկիցը Արգոնավորդների արշավանքի ժամանակ։ Արմենոսը հույն հերոս էր, որն արշավանքի ավարտից հետո չվերադարձավ Թեսալիա, այլ մեկնեց այն տարածաշրջան, որը հետագայում կոչվեց Հայաստան, ըստ առասպելի»։
Տիգրան Մկրտչյանը խոսել է նաև Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերությունների մասին։
«Մեր երկու երկրները շատ մոտ են միմյանց և համագործակցում են քաղաքական և տնտեսական տարբեր մակարդակներում։ Հունաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները ռազմավարական են։ Իմ երկրում տնտեսությունը շարունակաբար զարգանում է։ 2023 թվականի պատերազմից հետո 120,000 մարդ Լեռնային Ղարաբաղից (որը հազարամյակներ շարունակ հայերի պատմական հայրենիքն է եղել) բռնի տեղահանվել է Հայաստան։ Հայաստանի կառավարությունը զբաղվում է նաև նրանց կարիքների լուծմամբ։
Հայաստանը զարգանում է տնտեսապես։ Մեր երկրները համագործակցում են տարբեր ոլորտներում, և ես հավատում եմ, որ կարելի է համագործակցություն հաստատել նաև ձեր տարածաշրջանի հետ։ Ես նաև հաճելիորեն զարմացած եմ, քանի որ Լարիսան կենսունակ քաղաք է՝ երիտասարդ բնակչությամբ, ինչը շատ լավ է և օրինակելի»։
Դեսպանը տեղեկացրել է նաև վերջերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Վաշինգտոնի հռչակագրի ստորագրման մասին` ընդգծելով, որ Թրամփի վարչակազմի «Միջազգային խաղաղության և բարգավաճման ճանապարհային քարտեզը» կարող է տարածաշրջանը վերածել միջազգային համագործակցության տարածքի՝ Չինաստանից մինչև Եվրոպա։ Այս նախագիծը լիովին համահունչ է Հայաստանի «Եվրոպայի խաչմերուկ» նախաձեռնությանը՝ հարգելով բոլոր ներգրավված երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։
«Դեսպանը մի շարք հանդիպումներ է ունեցել ինչպես Լարիսա քաղաքի քաղաքապետ Թանասիս Մամակոսի, այնպես էլ Թեսալիայի նահանգապետ Դիմիտրիս Կուրետասի հետ։ Նա նաև այցելել է Արմենիո գյուղ։ Հանդիպումների ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրության հարցեր և մեր շրջանի ու Հայաստանի միջև համագործակցության ամրապնդման ուղիներ։ Հատուկ ուշադրություն դարձվեց կրթության և համալսարանական համագործակցության, նորարարության ոլորտում գիտելիքների փոխանակման, ինչպես նաև մշակույթի և տուրիզմի ոլորտներում նախաձեռնությունների զարգացման հնարավորություններին։
Այսպիսով, Հայաստանի դեսպանի այցը Լարիսա ոչ թե պարզապես արարողակարգային էր, այլ երկու ժողովուրդների միջև բարեկամության իրական «կամուրջ», որոնք կապված են ընդհանուր պատմական արմատներով։ Ավանդույթի, երիտասարդության, տեխնոլոգիայի և կրթության մասին իր խոսքում պարոն Մկրտչյանը փոխանցեց այն պատգամը, որ Թեսալիան և Հայաստանը կարող են միասին առաջ շարժվել՝ կառուցելով ստեղծագործ համագործակցության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված ապագա»,- գրել է շաբաթաթերթը։