Բարեփոխումը երբեք չի ավարտվում, այն անընդհատ գործընթաց է. Փաշինյան
2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները չպետք է ավարտի կոնկրետ ամսաթիվ ունենան, դրանք անընդհատ գործընթաց են, հակառակ դեպքում՝ կսկսվի հետընթացը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը նման տեսակետ հայտնեց Ոստիկանության գվարդիայի գործարկման պաշտոնական արարողությանն իր ելույթում:
Նա գվարդիայի ձևավորումը կարևոր փուլ համարեց ՆԳՆ-ի, Ոստիկանության համակարգի բարեփոխումների համար: Վարչապետը հավելեց՝ բարեփոխումների փորձը ցույց է տվել, որ բարեփոխումներն ամփոփելու ու ավարտելու մասին բոլոր մտածումներն ու պատկերացումներն անպատեհ են:
«Բարեփոխումը երբեք չի ավարտվում: Այն պահին, երբ արձանագրենք, որ մենք բարեփոխումն ավարտել ենք, նշանակում է, որ սկսել ենք հետընթացը: Չի լինում այդպիսի իրավիճակ: Պետական ինստիտուտները, պետությունը, նույնիսկ մարդը կանգի իրավիճակ չի ունենում: Նա կամ բարելավում, առաջընթաց է գրանցում կամ հետընթաց է գրանցում: Ուրիշ տարբերակ պարզապես չկա»,-ասաց Փաշինյանը:
Նա ցանկանում է այս տրամադրվածությամբ սկսել Ոստիկանության գվարդիայի աշխատանքը:
Վարչապետի խոսքով՝ նախկինում իր ղեկավարած Կառավարության մոտ ևս եղել է այն ընկալումը, որ եթե բարեփոխումն արեցին, ապա կոնկրետ օրը կավարտեն այն: «Սակայն, երբ գալիս է նախանշված օրը, հասկանում ենք՝ եթե բարեփոխումն ավարտենք, անխուսափելիորեն կսկսվի հետընթացը: Հետևաբար, բարեփոխումն անընդհատ պրոցես է: Այլ բան, որ ժամանակ առ ժամանակ պետք է կանգ առնել, նայել, ամփոփել արվածն ու վերապլանավորում անել, վերանայել ռազմավարությունները»,-ասաց Փաշինյանը: