Քաղաքականություն

Մեծ պատիվ է եղել ՀՀ-ի կողքին կանգնել վերջին 30 տարիների ընթացքում. ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ

4 րոպեի ընթերցում

Մեծ պատիվ է եղել ՀՀ-ի կողքին կանգնել վերջին 30 տարիների ընթացքում. ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ

ՀՀ ազգային ժողովում հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) գործունեության 30 եւ Ազգային ժողովի հետ արդյունավետ համագործակցության 5-ամյակներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են խորհրդարանից:

Վերջին երեք տասնամյակում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը եղել է Հայաստանի հուսալի գործընկերը՝ աջակցելով Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին: Վերոնշյալի լավագույն օրինակներից է նաեւ ծրագրի համագործակցությունը ՀՀ Ազգային ժողովի հետ, մասնավորապես՝ Շվեդիայի, Կանադայի, Նորվեգիայի եւ Հայաստանի կառավարությունների իրականացրած խորհրդարանական աջակցության ծրագիրը, որը զգալիորեն նպաստել է ՀՀ խորհրդարանի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը՝ ապահովելով թափանցիկություն եւ ներառականություն:

Միջոցառմանը մասնակցել են պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ու ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Մատենադարանի տնօրենն ու աշխատակիցները:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գործունեության 30 եւ Ազգային ժողովի հետ արդյունավետ համագործակցության 5-ամյակների առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից ծրագրին շնորհվել է հուշամեդալ:

«Մեզ համար մեծ պատիվ է եղել Հայաստանի կողքին կանգնել վերջին 30 տարիների ընթացքում՝ տնտեսական անկումից, բնական աղետներից մինչեւ կայունության վերականգնման բաղձալի ժամանակներ»,- ասել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին՝ ստանալով հուշամեդալը:

Նա խոսել է Ազգային ժողովի հետ հինգ տարիների համագործակցությունից՝ նշելով, որ հնարավոր է եղել ունենալ շոշափելի արդյունք, որին հասնելուն նպաստել է Հայաստանի, Շվեդիայի, Նորվեգիայի, Կանադայի կառավարությունների սերտ գործակցությունը:

Այնուհետեւ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արա Խզմալյանը խոսել է Մատենադարանում երեխաների ստեղծած Անանիա Շիրակացու թվաբանական խնդիրների պատկերազարդ ալբոմի մասին՝ նվիրված ՄԱԶԾ գործունեության 30-ամյակին:

Արա Խզմալյանը շնորհակալություն է հայտնել ՄԱԶԾ-ին երեք տասնամյակների ընթացքում կատարած աշխատանքների համար: Նա խորհրդանշական է համարել այն փաստը, որ հոբելյանական միջոցառումներին մասնակցում է նաեւ Մատենադարանը:

Ելույթներով հանդես են եկել նաեւ մեր երկրում Շվեդիայի Թագավորության դեսպան Եվա Սունդքվիստը եւ Կանադայի դեսպան Էնդրյու Թըրները:

Խոսելով Շվեդիայի եւ Հայաստանի միջեւ սերտ ու վստահելի փոխգործակցությունից՝ Եվա Սունդքվիստը նշել է, որ այն հիմնված է թափանցիկության, ժողովրդավարության ու ներառականության վրա: «Մենք ակտիվորեն փորձել ենք աջակցել Հայաստանի ժողովրդավարական հաստատություններին՝ ուժեղացնելու հաշվետվողականության ուղղությամբ կարողությունները»,- նշել է դեսպանը:

Նա ընդգծել է Ազգային ժողով-ՄԱԶԾ գործակցության կարեւորությունը, ձեռքբերումները: Զեկուցողի խոսքով՝ Շվեդիայի կառավարությունը վերահաստատում է իր շարունակական աջակցությունը Հայաստանի խորհրդարանին:

Կանադայի դեսպանն էլ խոսել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին նպաստելու գործընկերների համատեղ ջանքերի մասին: Էնդրյու Թըրների դիտարկմամբ՝ ժողովրդավարական գործընթացներում նշանակալի է Ազգային ժողովի դերը:

Ներկաները դիտել են ՀՀ Ազգային ժողովի ու ՄԱԶԾ-ի 5-ամյա արդյունավետ համագործակցության եւ պատկերազարդ ալբոմի ստեղծման գործընթացի մասին պատմող տեսանյութեր, ինչպես նաեւ ծանոթացել ցուցադրված պատկերազարդ նկարներին:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում