ՌԴ-ն, ըստ Կիևի, Ուկրաինայում օգտագործել է հրթիռ, որը Թրամփին ստիպել է դուրս գալ հրթիռների շուրջ պայմանագրից. Reuters
2 րոպեի ընթերցում

Վերջին ամիսներին Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է թևավոր հրթիռով, որի մշակումը Դոնալդ Թրամփին ստիպել է դուրս գալ Մոսկվայի հետ «Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրից իր առաջին նախագահական ժամկետի ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհային։
«Վերջին ամիսներին Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պայմանագրով արգելված 9M729 հրթիռի կիրառումը ցույց է տալիս (ՌԴ նախագահ Վլադիմիր) Պուտինի անհարգալից վերաբերմունքը Միացյալ Նահանգների և նախագահ Թրամփի՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելուն ուղղված դիվանագիտական ջանքերի նկատմամբ», - ասել է Սիբիհան իր գրավոր մեկնաբանություններում։
Նրա մեկնաբանությունը առաջին հաստատումն է, որ Ռուսաստանը մարտական գործողություններում օգտագործել է 9M729 ցամաքային հրթիռը, պարզաբանում է գործակալությունը։
Ըստ ուկրաինացի երկրորդ բարձրաստիճան պաշտոնյայի՝ Ռուսաստանը օգոստոսից ի վեր այս հրթիռը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 23 անգամ։ Կիևը նաև գրանցել է ռուսական 9M729-ի երկու արձակում 2022 թվականին, հավելել է Reuters-ի աղբյուրը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի արձագանքել մեկնաբանություն տալու՝ գործակալության գրավոր հարցմանը։
9M729 հրթիռի պատճառով Միացյալ Նահանգները 2019 թվականին դուրս է եկել «Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրից։ Վաշինգտոնը պնդում էր, որ հրթիռը խախտում է պայմանագիրը և կարող է գերազանցել իր համար սահմանված 500 կմ-ը, չնայած Ռուսաստանը հերքել է դա։
Ըստ Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի կողմից ստեղծված Missile Threat (Հրթիռային սպառնալիք) կայքի՝ հրթիռը, որը կարող է կրել ինչպես միջուկային, այնպես էլ սովորական մարտագլխիկներ, ունի 2500 կիլոմետր հեռահարություն։
Reuters գործակալության ռազմական աղբյուրը հայտնել է, որ Ռուսաստանի կողմից հոկտեմբերի 5-ին արձակված 9M729 հրթիռը մինչև Ուկրաինայում ընկնելը թռել է ավելի քան 1200 կիլոմետր։