Երևան

Երևանի քաղաքապետարանի սեփական եկամուտները եռապատկվել են 3 տարվա ընթացքում. Ավինյան

2 րոպեի ընթերցում

Երևան քաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի 3-րդ նիստը
Երևան քաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի 3-րդ նիստը

Երևանի քաղաքապետարանի սեփական եկամուտները եռապատկվել են 2023 թվականից մինչև  2025 թվականների:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:  

«Եթե 2023 թվականին Երևանի քաղաքապետարանն ուներ 30 մլրդ դրամից մի փոքր ավելի սեփական եկամուտներ, ապա 2025 թվականին արդեն սեփական եկամուտների մակարդակը հասել էր մոտ 92 մլրդ դրամի»,- ասաց Ավինյանը: 

Քաղաքապետը, սակայն, հայտնեց՝ սեփական եկամուտների աճին զուգահեռ նվազում են պետական բյուջեից հատկացվող գումարները: 2026 թվականի համար Երևանի քաղաքապետարանին պետբյուջեից կհատկացվի շուրջ 56 մլրդ 567 մլն դրամ: 

«Առկա դրամաշնորհային միջոցներով նախատեսվում է 15.1 մլրդ դրամ, սուբվենցիոն ծրագրերով՝ 1.3 մլրդ դրամ, ֆինանսական համահարթեցման սկզբունքով՝ 8.2 մլրդ դրամ, և շինաշխատանքների ավարտի համար նախատեսվում է 2.4 մլրդ դրամ, որը հիմնականում բուսաբանական այգու և Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի կառուցման համար է նախատեսված: Մետրոպոլիտենի ենթակառուցվածքի նորոգման համար նախատեսվել է 2.5 մլրդ դրամ, Աջափնյակ մետրոյի նոր կայարանի փաստաթղթերի համար նախատեսված է մոտ 2 մլրդ դրամ, իսկ Մետրոպոլիտենի սուբսիդիան նվազել է՝ դառնալով 1 մլրդ դրամ»,- նշեց Երևանի քաղաքապետը: 

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում ընթանում են «ՀՀ 2026թ․ պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները: Հայաստանի պետական բյուջեի ծախսերը 2026-ին նախատեսվում են 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում