Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը Բաքվից ցանկություն և կամք է ակնկալում խաղաղության համաձայնագրի ստորագրման համար

2 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը Բաքվից ցանկություն և կամք է ակնկալում խաղաղության  համաձայնագրի ստորագրման համար

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ադրբեջանից ցանկություն և կամք է ակնկալում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սիմոնյանը նշեց լրագրողների հետ զրույցում: 

«Ակնհայտ է, թե՛ մեզ, թե՛ ադրբեջանական գործընկերներին, թե՛ աշխարհին, որ Հայաստանն իր ուժերից վեր ամեն ինչ արել է, որ տարածաշրջանում խաղաղություն լինի, և տարածաշրջանում փխրուն, բայց հաստատվել է այդ խաղաղությունը: Մենք ամեն ինչ արել ենք և ամեն ինչ անելու ենք, որ խաղաղությունը վերջնական պայմանագրի ձևով լինի, բայց դրանից ավելի՝ հողի վրա խաղաղություն լինի: Վրաստանի հետ, օրինակ, խաղաղության պայմանագիր չունենք, բայց մենք խաղաղության մեջ ենք»,- ասաց Սիմոնյանը: 

Խորհրդարանի նախագահը նշեց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր խնդիրների լուծման համար ժամանակ է անհրաժեշտ:   

«Անհավանական բան է՝ մենք գրեթե երկու տարի իրար վրա այլևս չենք կրակում: Նման բան անկախությունից ի վեր չի եղել»,- նշեց Ալեն Սիմոնյանը: 

Հայաստանն ու Ադրբեջանը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը։ Հայկական կողմից համաձայնագիրը նախաստորագրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ադրբեջանական կողմից՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ Համաձայնագրի նախաստորագրումից հետո թե՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել են, որ երկու երկրների միջև խաղաղություն է հաստատվել։ 

Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Ադրբեջանը շարունակում է որպես նախապայման դնել Հայաստանի Սահմանադրությունը փոխելու հարցը։ Հայաստանն էլ հայտարարել է, որ իր համար ընդունելի չէ Ադրբեջանի այդ նախապայմանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում