Հայաստան

Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ծրագրի բյուջեն կավելանա 10,7 միլիարդ դրամով

2 րոպեի ընթերցում

Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ծրագրի բյուջեն կավելանա 10,7 միլիարդ դրամով

Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտի հիմնական ֆինանսական ուղղությունները՝ ընդգծելով, որ առաջիկա տարում նախատեսվում է աճ ինչպես բյուջեի, այնպես էլ համայնքային աջակցության ծրագրերի մասով։ 

«Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ծրագրի համար 2026 թվականին պետական բյուջեից կհատկացվի 142,8 միլիարդ դրամ։ Ամենախոշոր բաղադրիչը տարածքային զարգացման ծրագիրն է՝ 131,5 միլիարդ դրամ բյուջեով, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 10,7 միլիարդ դրամով կամ 8,9 տոկոսով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նախարարը։ 

Խուդաթյանի խոսքով՝ տեղական կառավարման մարմիններին տրամադրվող ֆինանսական աջակցության միջոցառման շրջանակում 2026 թվականին համայնքների համահարթեցման դոտացիաները կկազմեն 107,9 միլիարդ դրամ, ինչը շուրջ 10 տոկոսով կամ 9,7 միլիարդ դրամով ավելի է այս տարվա ցուցանիշից և 26,5 տոկոսով՝ նախորդ տարվա համեմատ

Նա նաև անդրադարձավ մարզերին տրվող սուբվենցիաների բաշխմանը՝ ընդգծելով, որ 2026-ին կառավարության առաջնահերթությունները հստակեցվել են։

«Ենթակառուցվածքների զարգացման նպատակով մարզերին տրամադրվող սուբվենցիաների համար նախատեսվել է 17,7 միլիարդ դրամ։ Վերջին նիստերից մեկում կառավարությունը փոփոխություններ է հաստատել՝ հստակ նշելով այն ուղղությունները, որոնք կդիտարկվեն որպես առաջնային։ Դրանք են՝ դպրոցական և նախադպրոցական հաստատությունների շենքերի կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման ծրագրերը, ճանապարհաշինարարական աշխատանքները, գազամատակարարման, ինչպես նաև խմելու և ոռոգման ջրի ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը»,-նշեց Խուդաթյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում