Թրամփը Պենտագոնին հանձնարարել է անհապաղ սկսել միջուկային զենքի փորձարկումները
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պենտագոնին հանձնարարել է վերսկսել միջուկային զենքի փորձարկումները 30 տարվա ընթացքում առաջին անգամ՝ պատճառաբանելով դա Ռուսաստանի և Չինաստանի հետ համաքայլ գնալու անհրաժեշտությամբ:
«Այլ երկրների փորձարկման ծրագրերի պատճառով ես Պատերազմի նախարարությանը հանձնարարել եմ սկսել մեր միջուկային զենքի փորձարկումները հավասար հիմունքներով։ Այդ գործընթացն անմիջապես կսկսվի», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գրել է նա Truth Social հարթակում Չինաստանի նախագահի հետ հանդիպումից առաջ։
Ըստ Թրամփի՝ Միացյալ Նահանգներն «ունի միջուկային զենքի ամենախոշոր զինանոցը»: «Ռուսաստանը երկրորդն է, իսկ Չինաստանն, էապես հետ մնալով, զբաղեցնում է երրորդ տեղը, բայց կհավասարվի հինգ տարվա ընթացքում», - գրել է Սպիտակ տան ղեկավարը:
ԱՄՆ-ն վերջին անգամ միջուկային զենքի փորձարկում է անցկացրել 1992 թվականին:
Օրեր առաջ Թրամփը դատապարտել էր Ռուսաստանի կողմից նոր «Բուրեվեստնիկ» թևավոր հրթիռի փորձարկումը։ Հրթիռը կարող է միջուկային մարտագլխիկ կրել և, ըստ Մոսկվայի, ունի անսահմանափակ հնարավորություններ: