Մերձավոր Արևելք

Գազայում իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 104-ի

2 րոպեի ընթերցում

Գազայում իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 104-ի

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի կողմից հոկտեմբերի 28-ից ի վեր հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհերի թիվը հասել է 104-ի, որոնցից 46-ը երեխաներ են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Նախարարության տեղեկացմամբ՝ վիրավորների թիվը հասնում է 253-ի․ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում մեն։

Գազայի կառավարության մամուլի գրասենյակը հայտարարել է, որ Նուսեյրաթի փախստականների ճամբարում Իսրայելի հասցված ավիահարվածի հետևանքով նաև զոհվել են լրագրող Մուհամմադ ալ-Մունիրաուին և նրա կինը։

Այսպիսով՝ Գազայում պատերազմի մեկնարկից ի վեր զոհված լրագրողների թիվը հասել է 256-ի։

Իսրայելի զինվորականները Գազայի հատվածում գնդակոծություններ են իրականացրել այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել էր «հզոր հարվածներ» հասցնել պաղեստինյան անկլավին։ Նեթանյահուի հրահանգին նախորդել էր անկլավի հարավային Ռաֆահ քաղաքում փոխհրաձգությունը, որի հետևանքով զոհվել էր իսրայելցի 37-ամյա զինվոր։ 

ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ որևէ կապ չունի Ռաֆահում տեղի ունեցած կրակոցների հետ, և կոչ է արել հրադադարի համաձայնագիրը երաշխավորող միջնորդներին անհապաղ գործել՝ Իսրայելի վրա ճնշում գործադրելու, այդ հատվածում քաղաքացիական բնակչության դեմ սրացումը զսպելու և խախտումները դադարեցնելու համար։

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտնել է, որ քաղաքական վերնախավի հրահանգով «ահաբեկչական թիրախներին և ահաբեկիչներին տասնյակ հարվածներ հասցնելուց հետո» ԻՊԲ-ն վերսկսել է հրադադարի ռեժիմի կիրառումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում