Հայաստանը հստակ ընտրել է ժողովրդավարացման և բարեփոխումների ուղին. ԱԺ նախագահը՝ Եվրանեսթի ԽՎ-ին
2 րոպեի ընթերցում

Եվրանեսթը կարևոր հարթակ է Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության երկրների միջև առավել սերտ կապերի ամրապնդման համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում անցկացվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ նիստում այս մասին հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա ողջունեց Եվրանեսթի համանախագահներին և պատվիրակության անդամներին՝ ընդգծելով ԵՄ-ի և Արևելյան գործընկերության երկրների միջև կապերի խորացման կարևորությունը։
«ԵՄ-ի հետ խորհրդարանական համագործակցությունը, ինչպես նաև Արևելյան գործընկերությունը հսկայական ներդրում են ունեցել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների կայացման գործում։ Մենք հստակ ընտրել ենք ժողովրդավարացման և բարեփոխումների ճանապարհը և հաստատակամ ենք շարունակելու այդ ուղին»,-ասաց Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ վերջին տարիներին աննախադեպ առաջընթաց է գրանցվել Հայաստանի և ԵՄ-ի երկկողմ համագործակցության գրեթե բոլոր ուղղություններով՝ քաղաքական, տնտեսական, անվտանգության և պաշտպանության ոլորտներում։
«Արագ տեմպերով ընթանում է նաև վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը։ Հայաստանը հանձնառու է համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրագործմանը։ Վստահ եմ, որ վերջերս համաձայնեցված գործընկերության նոր օրակարգը կնպաստի համագործակցության նոր առաջնահերթությունների ամրապնդմանը»,- ընդգծեց ԱԺ նախագահը։
Ալեն Սիմոնյանը նաև հիշեցրեց, որ այս տարվա մարտին Ազգային ժողովը ընդունել է Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին քաղաքացիական նախաձեռնություն ներկայացնող օրենքի նախագիծը։
«Մենք ուրախ ենք ականատես լինել եվրաինտեգրման հարցի շուրջ մեր հանրության նման ակտիվ դիրքորոշմանը»,-ասաց նա։