Քաղաքականություն

2026 թվականին պետք է ակտիվացնենք մեր ջանքերը ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ. ԱԳ նախարար

2 րոպեի ընթերցում

2026 թվականին պետք է ակտիվացնենք մեր ջանքերը ԵՄ-ին  անդամակցելու ուղղությամբ. ԱԳ նախարար

Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունները պատմականորեն ամենաբարձր մակարդակում են, իսկ 2026 թվականին Հայաստանը պետք է ակտիվացնի Միությանն անդամակցության ուղղությամբ իր ջանքերը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։  

«Ուզում եմ միանգամից և աներկբա կերպով ասել, որ Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն հարաբերությունները երբեք այսքան ընդգրկուն և սերտ չեն եղել։ Այս մասին են վկայում Հայաստան-ԵՄ քաղաքական երկխոսության բովանդակությունը և 2025 թվականի ընթացքում տեղի ունեցած բարձրաստիճան փոխայցելությունները, ձեռք բերված պայմանավորվածությունները»,-նշեց նախարարը։ 

Միրզոյանն ընդգծեց, որ այս համատեքստում էական և անկյունաքարային իրադարձություն է Ազգային ժողովի կողմից ընդունված այն օրենքը, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանն անդամակցության գործընթացի մեկնարկին։

«Այս քաղաքականությունը իմպերատիվ է Կառավարության և, մասնավորապես, արտաքին գործերի նախարարության համար։ Մենք պետք է 2026 թվականին ակտիվացնենք մեր ջանքերն անդամակցության ուղղությամբ։ Հայաստանը ձգտում է միանալ ժողովրդավար, զարգացող և բարգավաճ երկրների ընտանիքին»,-ասաց Միրզոյանը։ 

Միևնույն ժամանակ նա հավելեց, որ Հայաստանը շարունակելու է հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությունը։

Հայաստանի Ազգային ժողովը 2025 թվականի մարտին օրենք է ընդունել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին։ Օրենսդրական նախաձեռնությունը Հայաստանի խորհրդարան էր ներկայացվել քաղաքացիական նախաձեռնության կարգով։ «Եվրաքվե» նախաձեռնության անդամները ՀՀ քաղաքացիների շրջանում ստորագրահավաք էին անցկացրել ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախագծի շուրջ և, հավաքելով բավարար քանակի ստորագրություններ, օրենքի նախագիծը ներկայացրել էին խորհրդարանի քննարկմանը։ 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում