Միացյալ Նահանգներ

Կրեմլը չի կարծում, որ «Բուրեվեստնիկ» հրթիռի փորձարկումը կսրի Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները

2 րոպեի ընթերցում

Կրեմլը չի կարծում, որ «Բուրեվեստնիկ» հրթիռի փորձարկումը կսրի Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները

«Բուրեվեստնիկ» հրթիռի փորձարկումը Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների էսկալացման առիթ չպետք է դառնա, հատկապես այն պարագայում, որ այդ հարաբերություններն ամենացածր մակարդակի վրա են, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: 

«Այստեղ չկա որևէ բան, որը կարող է կամ պետք է սրի Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները, հատկապես, որ այդ հարաբերությունները գտնվում են նվազագույն մակարդակի վրա, և դեռ նոր են նշմարվում առաջին, այսպես ասած, անհամարձակ ջանքերն այդ հարաբերությունները նախկին փակուղային վիճակից դուրս բերելու համար», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք նոր ռուսական հրթիռի փորձարկման մասին հայտարարությունը կհանգեցնի լարվածության աճի և երկու երկրների միջև հարաբերությունների սրման։

Կրեմլի խոսնակը հավելել է, որ հարաբերությունների բարելավման գործընթացը բարդանում է Մոսկվայի դեմ գործողությունների պատճառով: 

«Այնուամենայնիվ, մենք, միևնույն է, առաջին հերթին մեր սեփական շահերից ելնելով, բաց ենք մնում հարաբերությունների կարգավորման համար», - ասել է Պեսկովը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 26-ին հանդիպում է ունեցել Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի և ռազմական գործողություններին մասնակցող ստորաբաժանումների հրամանատարների հետ։

Հոկտեմբերի 26-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել են «Բուրեվեստնիկ» թևավոր հրթիռի հաջող փորձարկման մասին: «Բուրեվեստնիկը» կարող է միջուկային մարտագլխիկ կրել և, ըստ Մոսկվայի, կարող է շրջանցել պաշտպանական ցանկացած համակարգ: «Բուրեվեստնիկ»-ը երկնքում է եղել շուրջ 15 ժամ՝ անցնելով 14 000 կմ, և դա, ըստ Մոսկվայի, դրա հնարավորությունների սահմանը չէ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում