Չեռնոգորիան հրատապ կերպով չեղարկում է առանց վիզայի ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար
2 րոպեի ընթերցում

Չեռնոգորիայի իշխանությունները հոկտեմբերի 27-ին արագացված կարգով կչեղարկեն Թուրքիայի քաղաքացիների համար սահմանված առանց վիզայի ռեժիմը։ Պատճառը Թուրքիայի քաղաքացիների կողմից Պոդգորիցայում տեղացի բնակչին դանակահարելու դեպքն է։
«Մենք հրատապ կարգով որոշում կկայացնենք Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը ժամանակավորապես վերացնելու մասին: Տնտեսական ակտիվությունը և երկկողմ լավ հարաբերությունները պահպանելու նպատակով մենք առաջիկայում կսկսենք ինտենսիվ բանակցություններ Թուրքիայի Հանրապետության հետ՝ գտնելու օպտիմալ տարբերակ, որը կլինի փոխշահավետ ու համագործակցության և դաշնակցային ոգուն համահունչ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գրել է Չեռնոգորիայի վարչապետ Միլոյկո Սպայիչը X-ի իր էջում։
Sjutra po hitnoj proceduri donosimo odluku o privremenom ukidanju bezviznog režima za državljane Turske. U cilju očuvanja ekonomske aktivnosti i dobrih bilateralnih odnosa, u narednom periodu iniciraćemo intenzivne razgovore sa Republikom Turskom kako bi u duhu dobre saradnje i…
— Milojko Spajić (@MickeySpajic) October 26, 2025
Հոկտեմբերի 26-ի երեկոյան Չեռնոգորիայի ոստիկանությունը ձերբակալել է Թուրքիայի երկու քաղաքացու՝ Պոդգորիցայի բնակչին դանակահարելու դեպքի առնչությամբ:
Դեպքից հետո տարածքում հավաքվել է մի քանի հարյուր մարդ, ովքեր հակամիգրանտական կարգախոսներով են հանդես եկել։
Ավելի ուշ իրավապահ մարմիններն այլ իրավախախտումների համար ձերբակալել են Թուրքիայի ևս 45 քաղաքացու: