Մերձավոր Արևելք

Լիբանանում իսրայելական հարվածից հետո զոհ ու վիրավորներ կան

2 րոպեի ընթերցում

Լիբանանում իսրայելական հարվածից հետո զոհ ու վիրավորներ կան

Իսրայելական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով Լիբանանի Բաալբաք քաղաքի հարևանությամբ գտնվող Հաֆիր ալ-Ֆաուկա բնակավայրում զոհվել է մեկ մարդ, վիրավորվել երկու քաղաքացի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հարվածներ է հասցրել Լիբանանի երկու տարբեր շրջանների՝ ոչնչացնելով «Հեզբոլլահ» շիական կազմակերպության երկու անդամների։

«Իսրայելի պաշտպանության բանակը ճշգրիտ հարված է հասցրել Լիբանանի Բեքաա շրջանում՝ ոչնչացնելով ահաբեկիչ Ալի Հուսեյն ալ-Մուսաուիին, որը զբաղվում էր «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության համար զենքի մաքսանենգությամբ, Սիրիայից Լիբանան զենքի գնմամբ ու մատակարարմամբ»,- նշվել է հայտարարության մեջ։

Իսրայելի պաշտպանության բանակի տեղեկացմամբ՝ Լիբանանի հարավոմ գտնվող ան-Նաքուրա շրջանում սպանվել է «Հեզբոլլահի» ևս մեկ անդամ։ Ըստ հաղորդագրության՝ նա «Հեզբոլլահի» ներկայացուցիչն էր Լիբանանի հարավում։

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ չնայած «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև 2024 թ. նոյեմբերի 27-ին կնքված հրադադարի համաձայնագրին, Իսրայելն այս տարվա սկզբից ի վեր Լիբանանի տարածքում իրականացրել է ավելի քան 4000 հարձակում։ Այդ հարձակումների և հրետակոծությունների հետևանքով զոհվել է 267, վիրավորվել՝ 608 մարդ։

Չնայած հրադադարի համաձայնագրին՝ իսրայելական բանակը մասամբ է դուրս եկել հարավային Լիբանանից՝ շարունակելով իր ենթակայության տակ պահել վերջին պատերազմի ժամանակ գրաված լիբանանյան հինգ կարևոր բլուրները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում