Սպորտ

Հրազդան գետում անցկացվել է բայդարկաների և կանոեների հուշամրցաշար

2 րոպեի ընթերցում

Հրազդան գետում անցկացվել է բայդարկաների և կանոեների հուշամրցաշար

Հոկտեմբերի 24-ին Հրազդան գետում անցկացվել է  բոյդարկաների և կանոեների հուշամրցաշար՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Գորիս Հովսեփյանի հիշատակին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, հուշամրցաշարին մասնակցել է 40-ից ավելի մարզիկ: Հաղթողները պարգևատրվել են հուշամեդալներով և գավաթներով: 

«Արդեն հինգերորդ տարին է, ինչ Սևանի Աշոտ Ավետիսյանի անվան ջրային մարզաձևերի դպրոցը նախաձեռնում և անցկացնում է բոյդարկաների և կանոեների հուշամրցաշար՝ նվիրված 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Գորիս Հովսեփյանի հիշատակին: Գորիսը ծնվել է 2001թվականի փետրվարի 14-ին,  Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասում։ Զբաղվել է տարբեր մարզաձևերով: Ամենից շատ սիրում էր թիավարությունը։ Մասնակցել է շատ մրցումների ու միշտ զբաղեցրել է առաջատար հորիզոնականներ։ Ստացել է շատ պատվոգրեր, մեդալներ ու մրցանակներ։ Ավարտել է Ցամաքաբերդի թիվ 5 միջնակարգ դպրոցը, այնուհետև Սևանի պետական քոլեջը։ 

2019 թվականի հուլիսին ուսումը կիսատ թողելով զորակոչվել էր բանակ։ 

Հոկտեմբերի 12-ին հերթական մարտական առաջադրանքը գերազանց կատարելուց հետո թշնամին նկատել է իրենց խումբը։ ԱԹՍ-ի հարվածից անմահացել են խմբի 15 հերոս տղաները, որոնց թվում էր նաև Գորիսը։

Հայրենիքի  սահմանները  պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար Գորիս Հովսեփյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:

Նրա վառ հիշատակը հավերժ կմնա բոլորի սրտում»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից:

Ցամաքաբերդի միջնակարգ դպրոցի ՆԶՊ առարկայի դասարանը կրում է Գորիս Հովսեփյանի անունը:

Սևանի Ցամաքաբերդ թաղամասի բնակիչների նախաձեռնությամբ Ցամաքաբերդում կանգնեցվել է Խաչքար և Արծիվ հուշարձան նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Գորիս Հովսեփյանի հիշատակին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում