Հայաստան

Ֆրանսիայի ԱԳ նախարարը վերահաստատել է Փարիզի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը և խաղաղության գործընթացին

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի ԱԳ նախարարը վերահաստատել է Փարիզի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը և խաղաղության գործընթացին

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոնը հոկտեմբերի 23-ին հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ՝ ֆեմինիստական դիվանագիտության 4-րդ նախարարական համաժողովի շրջանակներում, որը կազմակերպվել է Փարիզում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ֆրանսիայի ԱԳՆ-ն։

Հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են ռազմավարական գործընկերության առաջիկա կնքմանը ընդառաջ բազմաթիվ ոլորտներում երկկողմ կառուցողական համագործակցության զարգացումը, ինչպես նաև Եվրոպական Միության և Հայաստանի միջև հարաբերությունների հետագա ամրապնդումը։

Ֆրանսիայի նախարարը նշել է Փարիզի շարունակական հանձնառությունը Հայաստանի ինքնիշխանությանը և ժողովրդավարական կայունությանը։ Նա վերահաստատել է Ֆրանսիայի լիակատար աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և այն դինամիկային, որը սկսվել էր օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթաժողովից։

Նշվում է, որ տարածաշրջանային կապերի զարգացումը և սահմանների բացումը՝ պետությունների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը հարգելով, թույլ կտան Հարավային Կովկասը դարձնել խաղաղության և բարգավաճման տարածք՝ ի շահ տարածաշրջանի ժողովուրդների։

Նախարարը ողջունել է այս ուղղությամբ վերջերս ձեռնարկված քայլերը, այդ թվում՝ դեպի Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումները վերացնելու մասին Ադրբեջանի հայտարարությունը։

 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում