Քաղաքականություն

Խաղաղությունը պետք է կառուցվի հումանիտար արժեքների եւ արդարության հիմքի վրա. Հասմիկ Հակոբյան

3 րոպեի ընթերցում

Խաղաղությունը պետք է կառուցվի հումանիտար արժեքների եւ արդարության հիմքի վրա. Հասմիկ Հակոբյան

Շվեյցարիայում կայացել է Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովը, որին մասնակցել եւ ելույթ է ունեցել կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հասմիկ Հակոբյանը: 

«Արմենպրես»-ը ներկայացնում է պատգամավորի ելույթն ամբողջությամբ։ Հասմիկ Հակոբյանի ելույթը հրապարակել է ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքը։ 

«Տիկի՛ն նախագահ,

Հարգելի՛ գործընկերներ,

Մեծ պատիվ է այսօր հանդես գալ մի թեմայով, որն առանձնահատուկ կարեւորություն ունի թե՛ Հայաստանի, թե՛ մեր ժողովրդի համար՝ հումանիտար նորմերի պահպանման եւ հումանիտար գործողությունների աջակցության մասին ճգնաժամային պայմաններում:

Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ գլոբալ մարտահրավերները՝ պատերազմները, բռնի տեղահանությունները եւ բնական աղետները, փորձության են ենթարկում ոչ միայն միջազգային իրավունքը, այլեւ մեր համընդհանուր բարոյական արժեքները:

Այս իրողությունների պայմաններում առաջ է գալիս հիմնարար հարց. ունե՞նք մենք՝ որպես միջազգային հանրություն, բավարար կամք մարդկային արժանապատվությունը դնել քաղաքական շահերից վեր:

Հայաստանի համար սա տեսական քննարկում չէ: Դա մեր ապրած իրականությունն է: Վերջին տարիներին մեր տարածաշրջանը բազմիցս եղել է հակամարտությունների եւ հումանիտար ճգնաժամերի կիզակետում: Հազարավոր ընտանիքներ են տուժել, հազարավոր կյանքեր՝ կորսվել, իսկ հարեւանների միջեւ վստահությունը` խաթարվել:

Այսօր մենք կանգնած ենք պատմական պահի առաջ:

2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանը եւ Ադրբեջանը ստորագրել են նախնական համաձայնագիր, որը կարող է դառնալ մեր տարածաշրջանի խաղաղության պատմական շրջադարձային փուլը:

Սակայն խաղաղությունը չի սահմանափակվում փաստաթղթերով:

Խաղաղությունը պետք է կառուցվի հումանիտար արժեքների եւ արդարության հիմքի վրա:

Միջազգային հումանիտար իրավունքի լիարժեք կիրարկումը նշանակում է պաշտպանել տեղահանված անձանց իրավունքներն ու անվտանգությունը, պահպանել մշակութային ժառանգությունը եւ ապահովել հումանիտար օգնության մատչելիությունը` առանց խտրականության:

Այս սկզբունքները մեզ կապում են միմյանց` որպես միջազգային հանրության պատասխանատու անդամների:

Այո՛, ներկայացվող խաղաղության համաձայնագիրը պարզապես երկկողմ փաստաթուղթ չէ:

Այն փորձաքար է` ցույց տալու, թե արդյոք երկու երկրներ, որոնք երկար տարիներ եղել են հակամարտության հակադիր կողմերում, կարող են հիմնվել հումանիտար նորմերի վրա եւ կառուցել կայուն, արժանապատիվ խաղաղություն:

Եթե դա հաջողվի, ապա այն կդառնա հզոր ուղերձ ամբողջ աշխարհին, որ անգամ ամենադժվարին իրավիճակներում մարդասիրությունը կարող է լինել խաղաղության ճշմարիտ ուղեցույցը:

Շնորհակալություն»։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում