Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ և Անմահ Պատարագին
2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ կիրակի օրը Հովհաննավանքում կմասնակցի Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ և Անմահ Պատարագին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակած տեսանյութում։
«Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ քույրեր և եղբայրներ, հավատակիցներ: Սույնով տեղեկացնում եմ, որ առաջիկա կիրակի օրը՝ հոկտեմբերի 26-ին, Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի կողմից մատուցվող Սուրբ և Անմահ Պատարագին»,-ասել է Փաշինյանը։
Ավելի վաղ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից տեղեկացրել են, որ Տ․ Արամ քահանա Ասատրյանն Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի կողմից հոկտեմբերի 21-ին կարգալույծ է հռչակվել:
«Տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունն առ այն, որ Տ․ Արամ քահանա Ասատրյանը՝ հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայ Եկեղեցին, Թեմակալ առաջնորդին և ծառայակից եկեղեցականներին, անտեսելով Թեմակալ Առաջնորդի հորդորներն ու հրահանգները՝ հարատևել է կարգազանց ընթացքի մեջ, վերջին մեկ ամսվա ընթացքում պատարագներին կամայականորեն զեղչել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Թեմակալ Առաջնորդի անունների հիշատակության հատվածը՝ այդ քայլով, ըստ էության, իրեն դուրս դնելով Եկեղեցուց, երիցս համառել է ներկայանալ Հանձնախմբի նիստերին, շրջանցելով վերջինիս հեղինակությունն ու իրավասությունները, ինչպես նաև իր անարգալից վարքագծով դրժել հնազանդության ուխտը»,- նշվել է Մայր Աթոռի տարածած հաղորդագրության մեջ:
Այնուհետև Տեր Արամ քահանա Ասատրյանն «Ֆեյսբուք»-ի էջում գրառում է կատարել՝ հավատացյալներին կիրակի օրը հրավիրելով Սուրբ Հովհաննավանք` մասնակցելու իր մատուցած Սուրբ և Անմահ Պատարագին։