«Ղափամա Փառատոն 2025»․ Նոր Կյանք գյուղում կայացավ հայկական մշակույթի և խոհանոցի տոնակատարություն
4 րոպեի ընթերցում

Հայկական ավանդույթների և խոհանոցի սիրահարները հոկտեմբերի 18-ին հավաքվել էին Շիրակի մարզի Արթիկ համայնքի Նոր Կյանք գյուղում՝ մասնակցելու «Ղափամա Փառատոն 2025»-ին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի, Եվրոպական միության և Ավստրիայի զարգացման գործակալության կողմից իրականացվող Lead4Shirak ծրագրի աջակցությամբ։
Փառատոնն իսկական տոն էր՝ լեցուն մշակույթի, համերի և գույների բազմազանությամբ։ Տարածքում տիրում էր հայկական հյուրընկալության և ջերմ մթնոլորտի ոգին՝ զարդարված ազգային երգ ու պարով, ավանդական ուտեստներով, ձեռագործ աշխատանքներով և վարպետաց դասերով։
«Կազմակերպչական աշխատանքներում ներգրավված են ինչպես Նոր Կյանք, այնպես էլ հարակից գյուղերի երիտասարդները, ովքեր ցանկանում են իրենց ներդրումն ունենալ գյուղական համայնքների զարգացման գործում։ Փառատոնը միավորում է ազգայինն ու ժամանակակիցը՝ ներկայացնելով հայկական խոհանոցի համերն ու բաղադրիչները։ Ունենք տաղավարներ, որտեղ ներկայացված են տարբեր մարզերի խոհանոցը և ձեռագործ աշխատանքները», -«Արմենպրես»-ին ասաց «Արագած հովիտ» տեղական ակտիվ խմբի (ՏԱԽ) գործադիր տնօրեն Նելլի Վարդանյանը։
Նա նաև ընդգծեց, որ թեև ղափաման՝ որպես ուտեստ առավելապես բնորոշ է Սյունիքի մարզին, փառատոնի նպատակը ոչ միայն ղափամայի ներկայացումն է, այլ դրա միջոցով համերի ու գույների յուրահատուկ միախառնումը:
«Փառատոնի իմաստը հենց դա է՝ ցույց տալ ազգայինի և ժամանակակցի համադրման գեղեցկությունը։ Ինչպես գյուղական միջավայրն է յուրահատուկ, այնպես էլ այս փառատոնը։ Մեր նպատակն է, որ այն դառնա ամենամյա ավանդույթ»,- հավաստեց նա։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Արթիկի համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, ինչպես նաև հյուրեր ու զբոսաշրջիկներ Հայաստանի տարբեր մարզերից։
«Նման միջոցառումների կազմակերպմամբ մենք հետապնդում ենք մի քանի նպատակ. նախ՝ վերաիմաստավորել և զարգացնել գյուղական ավանդույթները որպես զբոսաշրջային արժեք, երկրորդ՝ գյուղի կյանքը հարստացնել տոնական տրամադրությամբ, և երրորդ՝ մարդկանց պարգևել լավ ժամանակ։ Այսօր տեսնում եմ, որ այս երեք նպատակներին հասել ենք։ Փառատոնը համախմբել է ոչ միայն Շիրակի մարզի բնակիչներին, այլև հյուրերի հարակից մարզերից և Երևանից։ Այս միջոցառմամբ ցանկանում ենք արժևորել այն մարդկանց կյանքը, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով ստեղծում են արժեքներ։ Մենք պետք է ճանաչենք մեր գյուղերը»,- շեշտեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ կարևորելով նման փառատոնների դերը ներքին զբոսաշրջության զարգացման հարցում։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, ողջունելով ներկաներին, նույնպես ընդգծեց, որ փառատոնը ոչ միայն զարգացնում է մարզի զբոսաշրջային ներուժը, այլև նպաստում է ազգային արժեքների և ավանդույթների պահպանմանը ու փոխանցմանը։
Փառատոնի ընթացքում ներկայացվեց ազգային երգ ու պար՝ հայկական մշակույթի կենդանի շունչը, ավանդական ուտեստներ՝ ղափամա, տոլմա, գաթա և այլն, ինչպես նաև ձեռագործ աշխատանքներ՝ կավե իրեր, գորգեր, զարդեր։ Անցկացվեցին վարպետաց դասեր՝ կավագործություն, գորգագործություն և այլ արհեստներ։
Ղափաման՝ որպես փառատոնի խորհրդանիշ և գլխավոր ուտեստ, ներկայացվեց տարբեր տեսակի և ձևերով՝ գրավելով ինչպես տեղացիների, այնպես էլ օտարերկրյա հյուրերի ուշադրությունը։