Մշակույթ

Հախնազարյանների ընտանիքի շնորհիվ Մինաս Ավետիսյանի արժեքավոր կտավն այսուհետ կցուցադրվի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում

6 րոպեի ընթերցում

Հախնազարյանների ընտանիքի շնորհիվ Մինաս Ավետիսյանի արժեքավոր կտավն այսուհետ կցուցադրվի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում

20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի ամենանշանավոր գեղանկարիչներից մեկի՝ Մինաս Ավետիսյանի խորհրդանշական  «Ողբ-1915» եզակի գեղանկարը երկար տարիներ արվեստասերների տեսադաշտից հեռու լինելուց հետո կհանգրվանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։

Եզակի և արժեքավոր կտավը, որում հեղինակը պատկերել է ցեղասպանությունից մազապուրծ հայ կանանց, թանգարան-ինստիտուտին նվիրեց Գերմանիայում բնակվող Հախնազարյանների ընտանիքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նվիրաբերության արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 17-ին։

Ճարտարապետության երջանկահիշատակ դոկտոր Արմեն Հախնազարյանի այրին՝ Մարգրիտ Հախնազարյանը խոստովանեց՝ դժվարությամբ չի բաժանվում կտավից, քանի որ այն չպետք է որևէ մեկի տանը մնա, պետք է տեղ գտնի թանգարանում, որպեսզի շատերը կարողանան կտավը տեսնել, որովհետև Մինաս Ավետիսյանն այն  նվիրել է 1915 թվականի ապրիլի 24-ին տեղի ունեցած իրադարձություններին։

«1915 թվականի պատմությունը շարունակվեց Ագուլիսում, որտեղ 1919 թվականին ևս ոչնչացվեց ու տեղահանվեց հայ ժողովուրդը։ Ամուսնուս նախնիները, որոնց նա կորցրել է, Ագուլիսից են եղել։ Ագուլիսում ոչ մի գերեզմանատուն, ոչ մի խաչքար չկա։ Աղջիկներս կարծում են՝ այս կտավը հնարավորություն կտա հիշել և՛ հայ ժողովրդի, և՛ Հախնազարյանների ընտանիքի ցավը»,-ընդգծեց Մարգրիտ Հախնազարյանը։

Հախնզարյանների ընտանիքը կտավը թանգարան-ինստիտուտին նվիրելու եզրակացությանն է եկել Արմեն Հախնազարյանի լավ բարեկամ, աշխարհագրագետ, քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալչյանի շնորհիվ։

«Արմեն Հախնազարյանը տարիներ առաջ հիմնադրել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը։ Նա հետաքրքրված էր  հայկական ճարտարապետությունը փրկելու գործով։ Փորձում էր հասկանալ, թե ինչ էր կատարվել Օսմանյան կայսրությունում, ինչպես են ավերվել հին հայկական եկեղեցիները,  հայկական ժառանգության հետքերը»,-պատմեց Գալչյանը։

Նրա խոսքով՝ Հախնազարյանը նաև հետաքրքրված է եղել հայոց պատմությամբ, հայ գրականությամբ, հայկական արվեստով։ «Նա տանն ուներ հայկական մշակույթին վերաբերող բազմաթիվ իրեր՝ արծաթե գոտիներ՝ հավաքած Վանից և այդ շրջանից, հետո սկսեց նաև արժեքավոր կտավներ ձեռք բերել, որոնց մեջ Մինասի գործերից չորսն էին։ Այդ կտավներից երեքը գողացել են»,-նշեց քարտեզագետը։

Կտավը մի քանի տարի կախված է եղել Հախնազարյանների տանը, նրա մահից հետո պահվել է Ռուբեն Գալչյանի գրասենյակում, հետո որոշել են այն վստահել թանգարան-ինստիտուտին։ Երբ Գալչյանն ուշադիր նայել է կտավի հետևի մասում արված գրառումներին, նկատել է, որ վերևի հատվածում վառ գույներով գրված է «Բանվորուհիներ», հետո վրան գիծ է քաշված ու ներքևի մասում գրված է «Ողբ-1915»։ 

«Մինասն այս կտավը գծագրել է 1961 թվականին, երբ խորհրդային շրջանն էր ու չէր խոսվում Հայոց ցեղասպանության մասին։ Նրան պարտադրել են այլ անուն տալ նկարին, Մինասը որոշել է «Բանվորուհիներ» անվանել, հետո փոխել է։ Երբ տեսա կտավի իսկական անունը, Մարգրիտին ասացի, որ կտավի իսկական տեղը ողբի համար կառուցված հիմնարկն է»,-հակիրճ պատմեց Ռուբեն Գալչյանը։

«Մինաս Ավետիսյանի գործերը մեզ հիշեցնում են, որ արվեստը երբեք պարզապես գեղագիտություն չէ, այլև հիշողություն, վկայություն։ Այս նկարի նվիրատվությունը մեր թանգարանի համար միայն մեր հավաքածուի հարստացում չէ, այլև քայլ դեպի հիշողության պահպանումը և փոխանցումը։ Այն վկայում է, որ արվեստը կարող է դառնալ կամուրջ անցյալի և ապագայի, զոհերի և վերապրածների, հիշողության և արդարության միջև»,-ընդգծեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանն ու շնորհակալություն հայտնեց Հախնազարյան ընտանիքին բացառիկ կտավն իրենց վստահելու համար։ 

Նրա խոսքով՝ կտավն իր տեղը կգտնի Հայոց ցեղասպանության հիշողության տարածքում՝ վկայելով մեր անցյալի ցավը, արվեստի ուժը վերապրելու, վկայելու և ոգեշնչելու։

Թանգարան-ինստիտուտում կտավին կից տեղադրվելու է հետևյալ տեղեկությունը. ««Ողբ-1915», ի հիշատակ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության՝ գործ Մինաս Ավետիսյանի, 1961 թ. մեկ այլ ցեղասպանություն է տեղի ունեցել նաև Ագուլիսում (Նախիջևան) 1919թ. դեկտեմբերի 24-25-ին: Ագուլիսում ընդհանապես չկա հայկական գերեզմանատուն կամ 1919թ. զոհված հայերի հիշատակը հավերժացնող որևէ հուշարձան։ Այս կտավը նվիրված է Հարություն Հախնազարյանի, նրա կնոջ և 10 և 12 տարկան դուստրերի ու 15 տարեկան որդու՝ Մկրտիչի, ինչպես նաև զարմիկ Հարություն Հախնազարյանի ու Ագուլիսի մյուս բոլոր ցեղասպանության զոհերի հիշատակին։ Թող որ նրանք խաղաղությամբ հանգչեն։ Հախնազարյանների ընտանիքի միակ որդին, ով ողջ էր մնացել, 18-ամյա Հովհաննեսն էր և նրա ավագ քույրը՝ Համասփյուռը, ով այդ օրերին սովորում էր Թբիլիսիում։ Կտավը նվիրել են Հովհաննեսի որդին՝ այժմ հանգուցյալ Արմեն Հախնազարյանը (1941-2009), և նրա ժառանգները՝ Արմենի կինը՝ Մարգրիտը և երկու դուստրերը՝ Թալին և Շարիս Հախնազարյանները»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում